Ֆրանսիայի Սենատի նախագահ․ Բարեկամներն աստղերի են նման և միայն գիշերը կարելի է նրանց հաշվել
«Ասացվածք կա, բարեկամներն աստղերի են նման և միայն գիշերը կարելի է նրանց հաշվել։ Եվ կարելի է ասել, որ անթափանց գիշեր էր իջել Հայաստանի վրա անցյալ տարվա նոյեմբերին, երբ մենք որոշեցինք, բոլորս միասին, մի կողմ թողնելով մեր քաղաքական տարաձայնությունները, համախմբվելով ու իսկապես հավաքական աշխատանքով ընդունել բանաձև, որով կոչ է արվում կառավարությանը՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,- այս մասին ՀՀ ԱԺ-ում հայտարարեց այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն, որը մասնակցում է Հայոց ցեղասպանության հիշատակման միջոցառումներին։
Լարշեն նշեց, որ արդեն 20 տարի է անցել, երբ նախագահ Ժակ Շիրակը հրապարակեց օրենքը, կարճ օրենք՝ ընդամենը 8 բառ, մեկ հոդված, որով Ֆրանսիայի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։
«Կենդանի հիշողությունը լավագույն պատվարն է՝ պատմության ողբերգական էջերի կրկնության համար։ Մեր համագործակցությունն անցել է նաև փոխադարձ վստահության ուղիով․ վստահություն Հայաստանի ապագայի նկատմամբ, նաև վստահություն Հայաստանի երիտասարդության նկատմամբ, որն այնքան ծանր հարված ստացավ նախորդ աշնանը։ Մենք մտածում ենք զոհվածների, վիրավորների, տեղահանվածների, ռազմագերիների, նրանց ընտանիքների մասին, քանի որ դրանք անձնական ողբերգություններ չեն, այլ հավաքական են։
Մենք վստահություն ենք տածում նաև Հայաստանի ժողովրդավարության նկատմամբ, որը ձեզ առանձնահատուկ տեղ է հատկացնում այս տարածաշրջանում։ Ժողովրդավարությունը, որը մեծ փորձությունների ենթարկվեց, ոտնահարվեց, բայց այնուամենայնիվ, դուք շարունակում եք կանգնած մնալ։ Վստահ ենք նաև հայ ժողովրդի անկախության ոգու նկատմամբ և նրա ազատատենչ բնույթի համար։ Ազատատենչություն, որ արտահայտվել է նաև հայկական ծագումով մեր ֆրանսիացի հայրենակիցների մոտ, որոնք մեր կողքին էին այն պահին, երբ Ֆրանսիան կարիք ուներ ոտքի կանգնելու և ազատությունը վերագտնելու»,- ասաց Լարշեն։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայի Սենատի նախագահի պատվիրակությունը հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակին
- Այս տարի լրանում է Ֆրանսիայի կողմից ցեղասպանության ճանաչման 20-րդ տարելիցը:
- Հեղինակավոր Ֆրանսիական թերթում Ֆրանիայի ԱԺ պատգամավորները կոչ են անում ճանաչել Արցախի անկախությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան