Ադրբեջանում խրխճանքի է վերածվում հայասպանության ցանկացած դեպք. Արման Թաթոյան
«Այս ցեղասպան քաղաքականությունը կարող է ավելի դաժան հետևանքներ ունենալ, եթե ոճրագործությունը կատարողները չդատապարտվեն»,- այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
Նրա խոսքով, Օսմանյան կայսրությունում 1915-ին տեղի ունեցածից հետո պատմական արդարությունը վերականգնված չէ, քանի որ սպանվեցին, խոշտանգվեցին, բռնաբարվեցին, իրենց պատմական հայրենիքից վտարվեցին մարդիկ, իսկ կատարողները դեռ անպատիժ են։
«Ավելին, երբ 1915 թվականի ոճրագործությունից անցել էր 3 տարի, Բաքվում նույն ոգով էլի հայերի էին կոտորում։ Այն, որ շարունակվում է Թուրքիայի ցեղասպան քաղաքականությունը, վկայում է նաև 2020 թվականի դեկտեմբերի 10-ին Բաքվում՝ Արցախյան պատերազմին նվիրված ռազմական շքերթի ժամանակ Էրդողանի հայտարարութունը, երբ նա ասաց, որ ադրբեջանական կողմից ընկածների հոգին փառավորվել է այնպես, ինչպես 1915-ին հայերի նկատմամբ ոճիր գործածներինը»,- նկատեց նա։
Արման Թաթոյանը նշեց, որ 2020 թվականի պատերազմի ընթացքում էլ ադրբեջանական կողմը սոցցանցերում տարածում էր այնպիսի նյութեր, որտեղ համեմատություններ էին իրականացվում Հայոց մեծ ցեղասպանությունը կատարող ոճրագոծների ու ադրբեջանական կողմից կռվողների միջև։
«Եվ շատ-շատ էին կոչերը, որոնցում ասվում էին, թե իրենք 1915-ին ամբողջապես չեն հասել իրենց նպատակին, և հիմա պետք է իրականացնեն դա։ Սա նշանակում է, որ այս երկու երկրները մեզ համարում են իրենց ոխերիմ թշնամին։ Ադրբեջանի նախագահն էլ է ասում, որ իրենց մոտ մեծացել է թշնամու՝ այսինքն մեր նկատմամբ ատելությամբ լցված սերունդ։ Եվ նա դա ասում է մեծագույն հպարտությամբ։ Ավելին, տեսնում ենք, որ Բաքվում վերջերս բացված պուրակը լայն հասանելիություն ունի երեխաների համար, և դա նշանակում է, որ այդ նույն սկզբունքով քաղաքականություն վարելը խրախուսվում է։ Ադրբեջանում խրխճանքի է վերածվում հայասպանության ցանկացած դեպք»,- ասաց նա։
Արման Թաթոյանը նշեց նաև, որ Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են աշխարհում կարծրատիպ ստեղծել, թե իբր ավարտվել է պատերազմը, իրենք գնում են դեպի խաղաղություն, ամեն ինչ հրաշալի է, և ստացվում է, թե ոչ խաղաղասերը Հայաստանի, Արցախի ժողովուրդն է։
«Մենք պետք է միջազգային հանրությանը ցույց տանք, որ հակամարտությունը չի ավարտվել, և ամբողջ հարցն այն է, որ մենք չպետք է թողնենք մեզ թմրեցնեն ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ, որովհետև նրանք մշտապես վարել են այդ քաղաքականությունը, իսկ հընթացս վարել են պատերազմ։ Օրինակ ապրիլյան պատերազմի ընտացքում զուգահեռ նրանք կեղծ խաղաղասիրական ծրագիր էին տանում»,- ասաց պաշտպանը։
Ըստ նրա, այսօրվա խորհուրդը պետք է լինի այն, որ հայ ժողովուրդը դառնա ավելի համախմբված՝ մարտահրավերներին միասնական դիմակայելու համար։
«Մենք պետք է ճիշտ որոշենք, թե որոնք են մեր նպատակները, և գործենք ըստ այդմ։ Ադրբեջանական քաղաքականությունը նպատակ է հետապնդում ոչ միայն տարածքների հարցը լուծելու, այլ նաև ոչնչացնելու, բնաջնջելու մեր ժողովրդին»,- եզրափակեց խոսքը ՄԻՊ-ը։
Հարակից հրապարակումներ`
- «Միլիոնավոր մարդիկ սպանվել են պարզապես հայ լինելու պատճառով. 106 տարի է անցել, բայց մենք հիշում ենք». Գարիկ Մարտիրոսյան
- Ալեքսիս Օհանյան․ Հայոց ցեղասպանության ճանաչումը ծննդյանս լավագույն նվերը կլինի, նախագահ Բայդեն, հուսախաբ չանես
- Իրաքում ՀՀ դեսպան. Ցեղասպանությունն ընդունելով այդ երկրները մերժում են նոր ցեղասպանությունները
- Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց առավել կարևորը Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանելն է. Վերլուծաբան
- Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցն է
- Քվեբեկի ԱԺ-ն միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը հիշատակող բանաձև
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան