Մեղրիի քաղաքապետ. Բանակցողների մեջ չկա հայկական շահը ներկայացնող
«Ես լրատվամիջոցներով բազմիցս կոչ եմ արել Հայաստանի հանրապետության վարչեպետի աթոռը զբաղեցնող անձնավորությանը, ընդհանրապես իշխանություններին, զգուշացրել եմ այդ մասին։ Շատ լավ է, որ իրավապահ մարմիններն էլ են ֆիքսել այդ լարվածությունը, ժողովրդի անհանգստությունը»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը՝ մեկնաբանելով ԱԱԾ տնօրենի՝ ՔԿ նախագահին ուղղված գրության հրապարակված հատվածը։
Զաքարյանը հիշեցնում է, բացի համայնքապետ լինելուց, Մեղրիի բնակիչ է, իր սերունդներն էլ ապրելու են Մեղրիում։
«Դրա շահառուն առաջին հերթին մենք ենք, այդ բորբոքվածությունը, անորոշությունը, ինֆորմացիոն վակուումն առաջացնում է նման վերաբերմունք։ Ես կոչ եմ արել իշխանություններին հերքել, տալ հստակ տեղեկատվություն, թե մեզ ինչ է սպասվում այդ «կիրթ» հարևանների հետ, բայց քար լռություն է։ Ահա այդ իրադարձությունները բերեցին այդ միջադեպին»,- ասաց Մեղրիի համայնքապետը։
Լրագրողների ցիտեցին Փաշինյանի խոսքերը Նախիջևանի միջանցքի մասին, խնդրեցին մեկնաբանել՝ Զաքարյանը ներողություն խնդրեց, ասաց՝ նրա հայտարարությունները մեկնաբանել չի ցանկանում, իր տրամաբանությունը վիրավորվում է։
«Ես ցավում եմ այս իրավիճակի համար։ Ինքը խոսում է Նախիջևանի միջանցքի մասին, բայց ո՞վ է թողնելու, որ օգտվենք։ Հարևաններն արդեն խոսում են երկաթգծի մասին, Ղազախստանից 45 էլեկտրաքարշեր են պատվիրել, ռեալ նախապատրաստություններ են անում, իսկ մեր կողմից իրար հակասող հայտարարություններ են, չկա հայկական կողմի օրակարգ, բանակցողների մեջ մենք բոլորին տեսնում ենք, բացի հայկական շահը ներկայացնողներից»,- ասաց Մ. Զաքարյանը։
Նա հիշեցնում է, երբ պետականություն չկար, Սյունիքում մելիքությունները պահպանվել են, իսկ հիմա սուվերեն պետություն ենք, բայց ընթացակարգերը չեն պահպանվում։
«Ես սա համարում եմ անարգանք մեր նախնիների նկատմամբ, դավաճանություն մեր սերունդների հանդեպ։ Եթե նման բան լինի, կստացվի, ամենաանորակ սերունդը մենք ենք»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ երեկ հրապարակվել էր ԱԱԾ տնօրենի՝ ՔԿ նախագահին ուղղված գրությունից մի հատված, որտեղ ասված է.
«2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի 9-րդ կետի համաձայն՝ Մեղրիի տարածքով Ադրբեջանին ուղիներ տարամադրելու հարցը և մինչև այժմ գոյություն ունեցող անորոշությունը լուրջ մտահոգություն է առաջացրել Մեղրիի տարածաշրջանի ողջ բնակչության շրջանում և բնակչության մեծ մասն այդ հարցում մեղադրում է ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանին, ինչը որոշ մարդկանց շրջանում առաջացրել է նաև խիստ հուզումնալից վիճակ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան