Սամանտա Փաուերը կիսվել է հուզիչ անձնական մտորումներով՝ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված
Բայդենի վարչակարգում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավարի պաշտոնում առաջադրված, ՄԱԿ-ում 2013-17թթ-ներին ԱՄՆ նախկին դեսպան Սամանտա Փաուերը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումից հետո, թվիթերում մի շարք գրառումներ է կատարել, ինչպես ինքն է գրել․ «Կիսվում եմ անձնական մտորումներով՝ Բայդենի անսահման հուզիչ այս որոշման հետ կապված՝ վերջապես ճանաչել Հայկական ցեղասպանությունը»։
«Քառորդ դար առաջ ես սկսեցի ուսումնասիրել 20-րդ դարի հիմնական ցեղասպանությունները: Իմ ուսումնասիրությունը, բնականաբար, սկսվեց օսմանյան սպանդից և ես հայտնաբերեցի, թե ինչպես է Ռաֆայել Լեմկինը հորինել «ցեղասպանություն» բառը 1944 թ-ին` հայերի ոչնչացումն ունենալով մտքում»,- գրել է Փաուերը:
Ըստ նրա՝ ինքը սկսել է ծանոթանալ հայկական սփյուռքի տպավորիչ նվաճումների հետ։
«Իհարկե այն, ինչ ամենաշատն էին ցանկանում ամերիկահայերն այն էր, որ Սպիտակ տունը ճանաչեր ցեղասպանությունը: Երբ ես աշխատում էի Օբամայի մոտ Սենատում 2005 թ-ին, նա մի հզոր նամակ գրեց պետքարտուղար Ռայսին` կոչ անելով Բուշի վարչակազմին՝ ճանաչել: Երբ Օբաման այն ժամանակ առաջադրվեց նախագահի պաշտոնում, նա խոստացավ ճանաչել:
Բայց ինչպես շատ է քննարկվել, Օբաման չկատարեց այս խոստումը: Իմ հուշագրության «Ապրիլի 24-ը» գլխում նկարագրում եմ նրա հիմնավորումները (մտավախություններ Իրաքից զորքերի դուրսբերումը բարդացնելու, Հայաստան-Թուրքիա խաղաղության գործընթացը խափանելու մասին և այլն):
Ամերիկահայերը կոտրվեցին:
Ճանաչման համար պայքարելով՝ ես ցնցվեցի այդ որոշումից, և մի քանի շաբաթ շուտ ծննդաբերեցի, ու իմ որդին՝ Դեկլանը, ծնվեց ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակման օրը։ Նա այսօր դարձավ 12 տարեկան»,- գրում է Փաուերը։
Ըստ Փաուերի՝ հաջորդ շանսը Օբամայի կողմից ճանաչման համար, ինչպես ինքն էր կարծում, պետք է լիներ 2015-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, երբ Հռոմի պապը ճանաչեց այն։
«Սակայն ԴԱԵՇ-ի դեմ պատերազմի շարունակմամբ, Պենտագոնն անհանգստացավ թուրքական բազաներ մուտքը կորցնելու կապակցությամբ: Այնուհետ ես ու այդ ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը ներկա էինք Վաշինգտոնի տաճարում անցկացվող պատարագին: Այդ գիշեր Բայդենն ինձ ասաց, որ եթե ինքը երբևէ լինի այդ դիրքում (ԱՄՆ նախագահ․-խմբ․), ինքը կճանաչի Հայոց ցեղասպանությունը։
Այսօր, որպես Միացյալ Նահանգների Նախագահ, նա արեց հենց դա»,- գրել է Փաուերը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին