Լիահույս ենք՝ Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչումը նոր խթան կհանդիսանա Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման ընթացքին. Վանեցյան
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի ուղերձ է հղել, որում ասված է.
«1915 թվականի ապրիլի 24֊ին հայ մտավորականության սպանդով Օսմանյան Թուրքիայում հայության նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հասավ իր բարձրակետին։
Միլիոն ու կես խաղաղ հայեր սպանվեցին և մահվան քարավաններով տեղահանվեցին Սիրիական անապատ՝ ցեղասպանվելով և դատարկելով հայկական շնչով հազարամյակներ ապրած Հայկական լեռնաշխարհի բնիկ տարածքները։
Մեծագույն այս աղետը միջազգային հանրության մարդասեր հատվածի կողմից գնահատվեց որպես մարդկության պատմության առաջին ցեղասպանություն, իսկ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը դարձավ հայ ժողովրդի և միջազգային առաջադեմ մարդկության նպատակ` որպես հետագա ցեղասպանությունների կանխարգելման գրավական։
Բազմաթիվ երկրներ, միջազգային կազմակերպություններ, մեծահամբավ անհատներ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը։ Այս գործընթացը շարունակական է և վերջնական հանգրվանում ենթադրում է արդարության հաստատում և հայոց պահանջատիրության իրացում, որին Հայաստանը և աշխարհասփյուռ հայությունը իր դաշնակիցների, բարեկամների և գործընկերների հետ կարող է հասնել, եթե մենք լինենք համախմբված, լինենք մեկ ազգ, լինենք մեկ ժողովուրդ, ունենանք մեկ նպատակ, որը մեր Հայրենիքի հզորացումն ու շենացումն է։
Այո՛, մեկ, ազգ, մեկ ժողովուրդ, մեկ նպատակ․ այս եռախորհուրդ միասնականությունն է հայ ժողովրդի անվտանգության և ապագայի անփոխարինելի երաշխավորը։
Այսօր ԱՄՆ֊ի նախագահ Ջո Բայդենը հաստատեց իր հանձնառությունը Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում։ Ողջունելով նախագահի ուղերձը, լիահույս ենք, որ այն նոր խթան կհանդիսանա Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման ընթացքին»։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
- Արթուր Վանեցյան. Պետք է ունենալ այս գիտակցումը՝ կա մեկ ազգ, մեկ ժողովուրդ, մեկ նպատակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան