ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նամակ է հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 24-ին նամակ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ երախտագիտություն հայտնելով ապրիլքսանչորսյան ուղերձում Հայոց
ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և դատապարտելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակից։
Նամակում, մասնավորապես, ասված է.
«Ձե՛րդ Գերազանցություն,
Մեծ ոգևորությամբ ծանոթացա Ձեր ապրիլքսանչորսյան ուղերձին:
Ջերմությամբ եմ հիշում 2015 թվականի մեր հանդիպումը, երբ Դուք՝ ԱՄՆ փոխնախագահի կարգավիճակում մասնակցություն ունեցաք Վաշինգտոնի ազգային մայր տաճարում տեղի ունեցած՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջկրոնական աղոթքին:
Առավել հուզիչ էր այն փաստը, որ Դուք Ձեր կրծքին կրում էիք Հայոց ցեղասպանության հիշատակման խորհրդանիշ անմոռուկ ծաղիկը:
Ճակատագրի բերումով վեց տարի անց, արդեն Միացյալ Նահանգների 46-րդ Նախագահի պաշտոնում, Դուք ճանաչեցիք Հայոց ցեղասպանությունը՝ հավատարիմ մնալով մարդու իրավունքների գերակայության վերաբերյալ Ձեր հանձնառությանն ու նախընտրական խոստմանը:
Մինչ այժմ դուք հետևողականորեն խոսել և պայքարել եք պատմական այդ անարդարության դեմ՝ զգալով ցեղասպանությունը վերապրած ամերիկահայերի և նրանց սերունդների վճռական պայքարի ոգին, որոնք հսկայական ներդրում ունեն ամերիկյան հասարակության և քաղաքական վերնախավի շրջանում Հայոց ցեղասպանության և պահանջատիրության մասին ամբողջական պատկերացում ձևավորելու հարցում:
Այսօր, երբ հայ ժողովուրդը իր պատմական հայրենիքի մեկ այլ հատվածում՝ Արցախում, առերսվում է չպատժված ժխտողականության և այլատյացության նոր արյունալի մարտահրավերներին, չափազանց կարևոր է սեփական հայրենիքում հայ ժողովրդի երաշխավորված արժանապատիվ և խաղաղ կյանքի իրավունքի պաշտպանությունը:
Մեծարգո՛ Նախագահ,
Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ Դուք ոչ միայն արդար և հստակ գնահատական տվեցիք պատմական իրողություններին և անհերքելի փաստերին՝ արդարացնելով միլիոնավոր ամերիկահայերի ու աշխարհով մեկ հենց այդ նույն ցեղասպանության պատճառով սփռված 10 միլիոն հայերի 106 տարի տևած սպասելիքները, այլ նաև կարևոր քայլ կատարեցիք ընդգծելու պետությունների հանձնառությունը մարդկության դեմ ուղղված ցեղասպանության հանցագործության կանխարգելման և վերացման գործում:
Ընդունեք խնդրեմ, Ձե՛րդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»:
Հարակից հրապարակումներ`
- Ամենայն Հայոց Կաթողիկոսը նամակ է հղել ԱՄՆ նախագահին
- Լիահույս ենք՝ Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչումը նոր խթան կհանդիսանա Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման ընթացքին. Վանեցյան
- Սամանտա Փաուերը կիսվել է հուզիչ անձնական մտորումներով՝ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված
- Արամ Ա-ն Բայդենի քայլն իմաստուն է որակել
- Միքայել Մինասյանը՝ Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչման մասին. Հայաստանի իշխանության աշխատանքը ջուրն ընկավ
- ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները