Առանց «եթե»-ների ու «բայց»-երի․ սա այն հեշթեգն է, որով առաջնորդվում է ԵԽ-ն․ Վլադիմիր Վարդանյանը՝ գերիների հարցի մասին
«ԵԽԽՎ-ում հայ ռազմագերիների հարցի քննարկմանը, բացի թուրք ու ադրբեջանցի պատվիրակներից, բոլոր մյուս պատվիրակներն իրենց դիրքորոշումն արտահայտեցին առ այն, որ բոլոր ռազմագերիները պետք է անհապաղ վերադարձվեն։ Նստաշրջանում տեղի ունեցավ նաև ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստ, որի ընթացքում այն քվեարկությամբ ընդունեց հայտարարություն, որով Ադրբեջանին կոչ է անում, կրկին, անհապաղ վերադարձնել հայ գերեվարվածներին, ինչպես նաև հարգել մշակութային ժառանգությունը»,-այսօր այս մասին հայտարարեց ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանի ամփոփման մամուլի ասուլիսում։
Ռուբինյանի կարծիքով, ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ՀՀ պատվիրակությունն իր առջև դրված խնդիրը կատարել է՝ այն է, շարունակել մեծացնել միջազգային ճնշումը, մասնավորապես ԵԽԽՎ շրջանակներում Ադրբեջանի վրա, փորձելով հասնել խնդրի լուծմանը։
Նշվեց, որ նստաշրջանի ժամանակ արդեն գործադիրի մակարդակով հայտարարություններ են հնչել, մասնավորապես Գերմանիայի պետնախարարի կողմից, որը նախագահում է ԵԽ նախարարների կոմիտեում, որ հայ ռազմագերիները պետք է վերադարձվեն։
Հարցին, թե միջազգային ճնշումն ինչպես կարող է օգնել գերիների հարցին, Ռուբինյանը նշեց, որ Ադրբեջանն իրեն պահում է ծայրահեղ ապակառուցողական, խախտում եռակողմ հայտարարությունը, միջազգային հումանիտար իրավունքը՝ չվերադարձնելով հայ ռազմագերիներին։
«Միակ ճանապարհը մեր տղաների վերադարձին հասնելու, միջազգային ճնշման մեծացումն է։ Մի լայն գործընթաց, որը չի սահմանափակվում մեկ, երկու քայլերով մ իտեղում։ Այն համապարփակ գործընթաց է, որը պետք է տեղի ունենա բոլոր հնարավոր միջազգային ատյաններում, երկկողմ հարաբերություններում՝ նպատակին հասնելու համար»,-ասաց Ռուբինյանը։
Մամուլի ասուլիսին չէին մասնակցում ԵԽԽՎ-ում ԲՀԿ ներկայացուցիչներ Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանը, ինչը Ռուբինյանը բացատրեց աշխատանքային գրաֆիկով, հավելելով, որ անկախ քաղաքական տարաձայնություններին՝ պատվիրակությունը միասնական է հանդես եկել Վեհաժողովում։
ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանը ևս կարևորեց միջազգային խորհրդարանական հարթակներում միջազգային ճնշումը։
«Հարցնում են, լավ, ինչ օգուտ տվե՞ց, վերադարձան։ Վերադարձի համար այդ քայլերը պետք է լինեն համառ ու ստեղծվի իրավիճակ, որ Ալիևի համար դառնա գլխացավաք՝ մեր գերիներին օր ավել Բաքվում պահելը»,-ասաց Տաթևիկ Հայրապետյանը։
Պատվիրակության մեկ այլ անդամ՝ Սոս Ավետիսյանն ընդգծեց ՄԻԵԴ մարտի 16-ի որոշումը։
«Քաղաքական խմբերի կոնսենսուսն ապահովելու համար կարևոր կռվան է ոչ միայն այն ապակառուցողական քաղաքականությունը, որ Ադրբեջանը վարում էր, այլ նաև այն, որ կար դատարանի հստակ որոշում»,-ասաց Ավետիսյանը։
ԵԽԽՎ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանն էլ ասաց, որ այս նստաշրջանում հայ ռազմագերիների մասին բանաձևը լավագույնս ներկայացրեց ավստրիացի պատգամավոր Ստեֆան Շեննախը, որ չեն կարող լինել «եթե»-ներ ու «բայց»-եր ու ռազմագերիները պետք է վերադարձվեն։
«Սա այն հեշթեգն է, որով առաջնորդվում եվրոպական այս կառույցը։ Եվ պետք է կարևոր նկատառում հաշվի առնել, որ ՄԻԵԴ-ը շատ քիչ դեպքերում է, որ դիմում է Նախարարների կոմիտեին, տեղեկացնելով, որ այս կամ այն պետությունը չի ցանկանում համագործակցել դատարանի հետ»,-ասաց Վարդանյանը։
Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ը Նախարարների կոմիտեին տեղեկացրել է, որ Ադրբեջանը պատշաճ ժամկետներում չի տրամադրել հայ ռազմագերիների վերաբերյալ տեղեկություններ կամ ամբողջական չի ներկայացրել։
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիայի պետնախարար․ Մեկ անգամ ևս կոչ անեմ Ադրբեջանին՝ ազատ արձակել հայ ռազմագերիներին, դադարեցնել հռետորաբանության սրումը
- Ռազմագերիները պետք է վերադարձվեն՝ առանց եթե-ների ու բայց-երի․ քննարկում ԵԽԽՎ-ում
- Պետք է թողնել, որ բոլոր հայ ռազմագերիները տուն գնան. ԵԽԽՎ-ի ավստրիացի պատվիրակի կոչը Ադրբեջանին
- Կոչ եմ արել Եվրոպայի Խորհրդին օգտագործել իր բոլոր լծակները՝ հայ ռազմագերիների ազատության համար. Նաիրա Զոհրաբյան
- ԵԽԽՎ-ում կա կոնսենսուս՝ Ադրբեջանը հայ ռազմագերիներին չհանձնելով խախտում է միջազգային իրավունքը․ Զոհրաբյան
- ՄԻԵԴ-ը Նախարարների կոմիտեին ծանուցել է Ադրբեջանում գերիների մասին՝ վերջինիս կողմից բավարար տեղեկատվություն չտրամադրելու պատճառով
- ՄԻԵԴ-ը հայ գերիների հարցով ծանուցել է ԵԽ Նախարարների կոմիտեին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին