Զելենսկին առաջարկել է փոխել Մինսկի համաձայնագրերը և բանակցություններում ներգրավել ԱՄՆ-ին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անհրաժեշտ է համարում փոփոխել Մինսկի համաձայնագրերը և Նորմանդյան ձևաչափի բանակցությունների մասնակիցների թիվը՝ ներառելով ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային և Կանադային: Այս մասին նա հայտարարել է այսօր հրապարակված Financial Times թերթին տված հարցազրույցում, գրում է Tass-ը։
«Հիմա ես մասնակցում եմ մի գործընթացի, որը մշակվել էր մինչ իմ [նախագահության] գալը: Մինսկի գործընթացը պետք է ավելի ճկուն լինի այս իրավիճակում: Այն պետք է ծառայի ոչ թե անցյալի, այլ ներկայի նպատակներին։ Երկու տարբերակ կա. մենք կարող ենք փոխել Մինսկի ձևաչափը, հարմարեցնել այն, կամ կարող ենք օգտագործել այլ ձևաչափ: Արագությունը կարևոր է: Այս գործընթացի տեմպը կարևոր է, քանի որ մենք ամեն օր կորցնում ենք մարդկանց», - կարծում է Ուկրաինայի նախագահը:
Զելենսկին նշել է, որ ցանկանում է երկկողմ հանդիպում ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ շեշտելով, որ «[ուկրաինական կողմի համար] կարևոր չէ անցկացման վայրը, մենք խոսում ենք բովանդակության մասին», մինչդեռ նա մերժեց Ռուսաստանի նախագահի առաջարկը, որն առաջարկել էր Կիևին բանակցություններ սկսել ինքնահռչակ հանրապետությունների ներկայացուցիչների հետ:
Հինգշաբթի, ապրիլի 23-ին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ, Վլադիմիր Պուտինը, խոսելով Դոնբասում հանդիպում անցկացնելու Վլադիմիր Զելենսկու առաջարկի մասին, նշել էր, որ «եթե մենք խոսում ենք Դոնբասի խնդիրները քննարկելու մասին, ապա, նախ ամենայն հավանականությամբ, Ուկրաինայի ղեկավարությունը պետք է հանդիպի հանրապետությունների ղեկավարների հետ:
Դրանով է, որ մենք պետք է սկսենք խնդրի կարգավորումը Դոնբասի շուրջ, ապա այդ խնդիրները քննարկենք ցանկացած երրորդ երկրի, այդ թվում` Ռուսաստանի հետ: Միևնույն ժամանակ, Պուտինը հավելել է, որ պատրաստ է Զելենսկուն ցանկացած հարմար ժամանակ ընդունել Մոսկվայում, «եթե մենք խոսում ենք երկկողմ հարաբերությունների զարգացման մասին»»:
Ուկրաինայի չվերահսկվող տարածքների վերաինտեգրման հարցերով փոխվարչապետ Ալեքսեյ Ռեզնիկովը հետագայում ասաց, որ եթե տեղի ունենա Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպում, ապա այն պետք է անցկացվի Նորմանդյան ձևաչափի շրջանակներում (Գերմանիա, Ռուսաստան, Ուկրաինա, Ֆրանսիա)։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան