Նարեկ Հախնազարյանը ելույթ կունենա Կամերային նվագախմբի հետ
Հանրահայտ թավջութակահար Նարեկ Հախնազարյանն ապրիլի 30-ին ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ: Համերգը, որը ղեկավարելու է Իսպանիայից ժամանած դիրիժոր Խուան Անտոնիո Ռամիրեսը, տեղի կունենա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հնչելու են Պ. Ի. Չայկովսկու, Է. Վիլա Լոբոսի, Խ. Տուրինայի, Դ. Պոպերի ստեղծագործությունները: Այս մասին հայտնում են Կամերային երաժշտության ազգային կենտրոնից:
Նարեկ Հախնազարյանը առինքնող արտիստ է, իսկական վիրտուոզ՝ օժտված բնածին երաժշտականությամբ և հանդիսատեսի հետ կապ հաստատելու բացառիկ տաղանդով: «Շլացուցիչ փայլ» (The Strad), «ավելի քան հիասքանչ» (San Francisco Chronicle), «գործիքին աներևակայելի տիրապետում» (LA Times)՝ այսպիսի արձագանքների է արժանացել Նարեկը: Հախնազարյանը ելույթներ է ունեցել Orchestre de Paris, London Symphony, London Philharmonic, Rotterdam Philharmonic, Frankfurt Radio, Berlin Konzerthaus, Royal Stockholm Philharmonic, Chicago Symphony, LA Philharmonic և այլ հանրահայտ նվագախմբերի հետ (դիրիժորներ՝ Գերգիև, Կուպման, Էլսոփ, Լինտու, Սոխիև և այլք): Հախնազարյանը միջազգային մրցույթների դափնեկիր է. Արամ Խաչատրյանի անվ. մրցույթ (Երևան, 2006, 1-ին մրցանակ), Johansen International Competition (2006, 1-ին մրցանակ), Young Concert Artists International Auditions (2008, 1-ին մրցանակ) և այլ մրցույթներ:
Նշենք, որ դիրիժոր Խուան Անտոնիո Ռամիրեսը տասը տարուց ավելի եղել է Միջերկրածովյան սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը: Համագործակցել է Լոնդոնի London's Covent Garden, the Academy of Europe, the International Youth Wind Orchestra-ի մենակատարների, ինչպես նաև՝ Լորին Մաազելի, Զուբին Մետայի, Յարոն Տրուբի, Մանուել Գալդուֆի, Միշել Պլասոնի, Վալերի Գերգիևի և այլոց հետ:
2000-ից մինչ 2012-ը որպես գեղարվեստական և երաժշտական ղեկավար կազմակերպել և իրականացրել է տարբեր խոշոր՝ մինչև 12,000 մասնակից ունեցեղ երաժշտական միջոցառումներ: Համագործակցել է այնպիսի միջազգային ճանաչված արտիստների հետ, ինչպիսիք են Պլասիդո Դոմինգոն, Մոնսերատ Կաբալյեն, Վինտոն Մարսալիսը, Գլորիա Գայնորը, Պակիտո դե Ռիվերան, Ռենե Ֆլեմինգը և այլք:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան