Չգիտեմ՝ ինչ իրավաբաններ են խորհուրդ տվել Նիկոլ Փաշինյանին նման հայտարարություն անել. Վարդանյան
«Սահմանադրական որևէ արգելք չկա, որով հրաժարականից հետո վարչապետին թույլ չտրվի վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակում հանդես գալու»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո նրա՝ վարչապետի պաշտոնակատար լինելուն։
Իշխանական պատգամավորը նշեց, որ, նախընտրական քարոզչության ընթացքում կան սահմանափակումներ, դրանք առանձին կանոնակարգեր են։
Ինչ վերաբերում է 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ կապված հրաժարականից հետո վարչապետի պաշտոնակատար լինել-չլինելու հետ, նա ասաց, որ 2018 թվականին իրավիճակը այլ է եղել։ Պատգամավորը նշեց, որ այս գործընթացը անհրաժեշտ է, որ Ազգային Ժողովը իրավունքի ուժով արձակվի։
Հիշեցնենք, որ դեռ 2018 թվականին Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարականից հետո չի կարող լինել վարչապետի պաշտոնակատար։
«Նորմալ պրակտիկա է, երբ հրաժարական ներկայացրած կաբինետը շարունակում է պաշտոնավարել։ 2018 թվականին իրավիճակը այլ էր, ես չգիտեմ` ինչ իրավաբաններ են այն ժամանակ խորհուրդ տվել Նիկոլ Փաշինյանին նման հայտարարություն անել»,- ասաց նա։
Անդրադառնալով առաջիկա ընտրություններում «ՔՊ»-ի ցուցակին՝ Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ քանի դեռ չկան հայտարարված ընտրություններ, ցուցակների մասին խոսելը վաղ է։
Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահի կողմից «Ցեղասպանություն» բառի օգտագործմանը, պատգամավորն ասաց, որ Հայաստանը դուրս եկավ այն փուլից, երբ ամեն տարի ապրիլի 24-ին սպասում էր, որ ԱՄՆ նախագահը կարտասանի այդ բառը։
«Պետք է շարունակենք ճանաչման գործընթացն առաջ տանել։ Իհարկե իրավիճակը կփոխվի, բայց չպետք է գերագնահատել և թերագնահատել այդ հայտարարությունը»,- կարծիք հայտնեց իմքայլական պատգամավորը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան