«Զգայական պետականությունից բանական պետականության անցման համար անհրաժեշտ է հրաժարվել պատրանքներից»
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքայն գրառմամբ անդրադարձել է այն հարցին, թե ինչ կտա ԱՄՆ նախագահ Բադյենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը.
«Դժվար է, բայց փորձեմ կարճ, կետերով ներկայացնել Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը, դրա հնարավոր հետևանքները և մեր ակնկալիքները։
. Արդյո՞ք Հայոց ցեղասպանության ճանաչումը միջազգային հանրության ազդեցիկ պետությունների կողմից կարևոր է, այդ թվում՝ ԱՄՆ-ի։
Այո։ Դա նպաստում է Թուրքիայի նկատմամբ ճնշման մեծացմանը։
. Արդյո՞ք դա նշանակում է, որ Թուրքիան ենթարկվելու է պատասխանատվության։ (հողերը հետ տալ, վնասի փոխհատուցում և այլն):
Ոչ։ Դա հնարավոր է միայն կամավոր՝ Թուրքիայի պարագայում, կա՛մ դատաիրավական կարգով (միջազգային դատական ատյաններ), կա՛մ ռազմաքաղաքական ճնշման պարագայում։
. Արդյոք հնարավո՞ր է միջազգային իրավունքով բարձրացնել Թուրքիայի միջազգային պատասխանատվության հարցը։
Այո։ Գործող միջազգային իրավակարգը նման հնարավորություն և մեխանիզմներ ունի։
. Արդյո՞ք Օսմանյան Կայսրության կողմից կատարած միջազգային հանցագործության համար Թուրքիայի Հանրապետությունը պետք է կրի պատասխանատվություն։
Այո։ Թուրքիան Օսմանյան Կայսրության իրավահաջորդն է։ Դա ճանաչել է նաև ինքը՝ Թուրքիան։
. Արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունը պատշաճ սուբյեկտ է Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի միջազգային իրավական պատասխանատվությունը բարձրացնելու համար։
Այո։ Հայաստանը (Օսմանյան կայսրության հայ քաղաքացիների պես) ոչ միայն կրել է Հայոց ցեղասպանության հետևանքները, այլ նաև իրավունք, անգամ erga omnes պարտավորություն ունի բարձրացնելու ցեղասպանության համար Թուրքիայի պատասխանատվության հարցը։
. Արդյո՞ք առկա է իրավական հիմք Թուրքիային պատասխանատվության ենթարկելու համար։
Այո։ Ցեղասպանության կանխարգելման կոնվենցիայում ամրագրված ցեղասպանության հանցակազմի հետադարձ ուժը եթե անգամ չճանաչվի, XX դարի սկզբին գործող միջազգային իրավունքը (կոնվենցիոն և սովորութային իրավունք) արդեն իսկ արգելում էր նման արարքը և որակում որպես միջազգային հանցագործություն։
. Արդյո՞ք առկա է միջազգային դատական ատյան, որ կարող է քննել այս հարցը։
Այո։ ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանը Ցեղասպանության կանխարգելման կոնվենցիայի ուժով իրավազորություն ունի Թուրքիային ներգրավել որպես պատասխանող կամ տալ խորհրդատվական եզրակացություն այս հարցով։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կարելի է բարձրացնել Օսմանյան Կայսրության հայ քաղաքացիների սեփականության վերականգնման հարցը։ Կան արբիտրաժային ատյաններ և այլն։
. Ի՞նչ կարող ենք պահանջել Թուրքիայից, երբ միջազգային պատասխանատվության հարցը կարողանանք դրականորեն լուծել։
Ռեստիտուցիա՝ վերականգնել այն իրավիճակը, ինչը կար մինչև Հայոց ցեղասպանությունը։
Կոմպենսացիա՝ Հայոց ցեղասպանության հետևանքով վնասների փոխհատուցում։
Սատիսֆակցիա՝ բարոյական բավարարում՝ ներողության կամ այլ գործողության տեսքով։
Զգայական պետականությունից բանական պետականության անցման համար նախ և առաջ մեզ անհրաժեշտ է նաև արտաքին քաղաքականության մեր առաջնահերթություններում հրաժարվել պատրանքներից և լինել ողջախոհ։
Հ.Գ. Ասեմ, որ Թուրքիային միջազգային իրավական պատասխանատվության ենթարկելու գործողությունների ծրագիրը պատրաստ է, բայց ո՛չ նախկին, ո՛չ ներկա իշխանություննունները դրան ընթացք չեն տվել»։
Հարակից հրապարակումներ`
- Սուրեն Սարգսյան. Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչման կապիտալիզացիան անծայրածիր է
- Սամանտա Փաուերը կիսվել է հուզիչ անձնական մտորումներով՝ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված
- Նենսի Փելոսի․ Մեր սրտերը լի են ուրախությամբ, որ նախագահ Բայդենը կատարեց պատմական քայլ
- ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը