Բոլորը ականջները համապատասխան կենդանու պես կախած թելում են Փաշինյանի ասեղը. Մարգարիտ Եսայան
«Այսօրվա իրականությունից ավելի վատ բան դժվար է պատկերացնել. Արցախը կորցնելուց հետո մենք այսօր արդեն կորցնում ենք Սյունիքը»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը։
Նրա խոսքով, սյունեցու դժգոհությունը՝ Սյունիքը հանձնելու գործընթացի հետ կապված, տեսանելի էր Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ։
«Այն շոուն, որ երեք տարի առաջ սկսել էր Փաշինյան Նիկոլը, հասել է իր եզրագծին, և իրենց առաջ դրված հանձնարարականը հոյակապ կատարված է։ Իրենք ոչնչացրին Արցախը, Ալիևն այսօր հոխորտում է, թե Արցախի հարցը լուծված է, բարեբախտաբար այդ կարծիքին չեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, այդ կարծիքին չէ Ջո Բայդենը։ Նրանք, ի հեճուկս Իլհամ Ալիևի ու Նիկոլ Փաշիյանի հայտարարությունների, համամիտ չեն, որ Արցախի հարցը լուծված է։ Բայց, այս ամբողջ թոհուբոհի մեջ, մենք կորցնում ենք Սյունիքը»,- նշեց նա։
Ըստ Մարգարիտ Եսայանի, այսօր հայ հասարակության բարոյահոգեբանական վիճակը հասել է այն աստիճանի, որ նա չի զգում ու հասկանում՝ ինչ է կատարվում։
«Այն ցեղասպանությունը, որ տեղի ունեցավ այս 44-օրյա պատերազմի ընթացքում, մարդկանց կոտրել է։ 2 օր առաջ Սյունիքի գյուղերից մեկում ադրբեջանցիները հարվածել են հովվի աչքին, վնասել են նրան, և դա այն պահին, երբ այդ հովիվն ընդամենը իր անասուններին է տարել արտ։ Այսօր ՀՀ քաղաքացին Սյունիքում մատնված է անտարբերության, բարձիթողի վիճակ է։ Թուրքերն ինչ ուզում անում են...։ Այսօր ՀՀ-ում գործող իշխանությունը թուրքական է, դա ինձ համար պարզ է, քանի որ նա թուրքական շահն է հետապնդում։ Բայց հասարակության զգալի մասը դա չի ընկալում, մարդիկ անտարբեր են, շշմած են, հիպնոսի մեջ են»,- կարծիք հայտնեց նա։
Նախկին պատգամավորը նշեց, որ անհասկանալի է նաև այն, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո ինչու ընդդիմադիր խորհրդարանական ուժերը չեն անդրադառնում խնդրին, թե ինչպես է նա շարունակում մնալ վարչապետի պաշտոնակատար։
«Ընդ որում, օրինակ՝ «Լուսավոր Հայաստանը» կեղծում է իրողությունն ու ասում է, թե 2018-ին այսպես եղավ, և հիմա էլ իներցիայի ուժով նույնը շարունակվում է։ Ժանգլոռությո՞ւն եք անում քաղաքականության մեջ, չի ստացվի։ Ուղղակի ամոթ ունեցեք...։ Բայց բոլորը ականջները համապատասխան կենդանու պես կախած թելում են Նիկոլ Փաշինյանի ասեղը։ Պարզ երևում է, որ խորհրդարանական ընդդիմությունը համաձայնություն ունի Նիկոլի հետ։ Եվ ստացվում է, որ մենք արժանի ենք այն վիճակին, որն ունենք։ Ցավոք, մենք հայավարի գնում ենք պարտության»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ինչո՞ւ գլխավոր դատախազությունը քրգործ չի հարուցում, եթե Նիկոլը մտել է Կառավարություն. Իսագուլյան
- Եթե Նիկոլը Կառավարության նիստ վարեց, դա պետք է ընդունել հիմք՝ իշխանության յուրացման հատկանիշներով քրեական գործ հարուցելու համար. Պետրոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան