Ադրբեջանցիներն արգելել են Դադիվանքում նախապես համաձայնեցված քահանայական ձեռնադրությունը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ ավագ քահանա Մելիքյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ ադրբեջանցի զինվորականներն ապրիլի 25-ին արգելել են ուխտավորների մուտքը Դադիվանք:
«Այո, ձեր տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը։ Ապրիլի 25-ին Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների կողմից համավարակի պատրվակով արգելվել է Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի և մի խումբ ուխտավորների մուտքը Դադիվանք։ Նշեմ, որ այդ օրը վանքում նախատեսված էր վանաբնակ միաբանի քահանայական ձեռնադրություն, որի մասին վաղօրոք ծանուցվել էր, և այն համաձայնեցվել էր ռուս խաղաղապահների հրամանատարության հետ։
Այսպիսով, հակառակ կատարված նախնական անհրաժեշտ բոլոր տնօրինումների, հնարավոր չեղավ մոտենալ վանքին։ Ավելին՝ արտոնություն ստացած ուխտավորների 25 հոգանոց խմբի թվաքանակն իջեցվել էր տասի։ Իսկ արգելքից հետո չի արտոնվել անգամ փոխանցել միաբանների համար պարբերաբար մատակարարվող սնունդը։
Ակնհայտ է, որ այսպիսով ադրբեջանական կողմը ձգտել է ձախողել քահանայական ձեռնադրությունը, որը նույն օրը երեկոյան կազմակերպվեց Գանձասարի վանքում»,- ասել է նա։
Տեր Վահրամ ավագ քահանա Մելիքյանը դատապարտել է Ադրբեջանի սույն մերժելի կեցվածքը, որով, ըստ նրա, արհեստական արգելքներ են ստեղծվում հայկական պատմական վանքի ու նրա միաբանության հոգևոր առաքելության համար և խախտվում վերջինիս կենսագործունեության շուրջ Ռուսաստանի իշխանությունների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները։
«Ադրբեջանի վարած քաղաքականությունը մարդու իրավունքների կոպիտ խախտում է և հերթական արտահայտությունն է հայատյացության, հայկական սրբավայրերի և հայ ժողովրդի հոգևոր կյանքի նկատմամբ ոտնձգության»,- ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ ավագ քահանա Մելիքյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ռուս խաղաղապահներն ուխտավորներին ուղեկցել են Ամարաս և Գանձասար վանքեր
- Ռուս խաղաղապահները մաքրել են Կարմիր Շուկային հարակից տարածքը և ուխտավորների ուղեկցել Ամարաս ու Դադիվանք
- Վերջին երկու օրվա ընթացքում ավելի քան 100 ուխտավոր է այցելել Դադիվանքի և Ամարասի վանական համալիրներ
- Հայ ուխտավորները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Դադիվանք և Ամարաս
- Դադիվանքում հոգևոր նոր սպասավորներ են նշանակվել
- Արցախի ավելի քան 20 ուխտավոր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Ամարասի վանական համալիր
- Հայ ուխտավորներն այցելել են Դադիվանքի վանական համալիր
- Ադրբեջանցիներն արգելել են հայ ուխտավորների մուտքը Դադիվանք
- Տեր Վահրամ. Այս եկեղեցականներն են պահում ադրբեջանցիներով շրջապատված Դադիվանքը
- Վալերի Բուայե. Մտածում եմ Հայր Հովհաննեսի ու Դադիվանքի մասին
- «Դադիվանքից՝ Երևան»
- Ոսկանյան. Դադիվանքի ինքնահռչակ քարոզիչ անձը պետք է պարզաբանի՝ քրիստոնեական ո՞ր եկեղեցու ներկայացուցիչն է, ի՞նչ և ո՞ւմ համար է քարոզելու
- Համլետ Պետրոսյան. Այն, ինչ անում է Ադրբեջանը` Դադիվանքն այն ստեղծողներից բռնությամբ խլելու ակտ է, մշակութային եղեռն