«Փաստ». Սամվել Բաբայանի հայտարարությունները հունից հանել են զինվորականներին
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի՝ զինված ուժերի վերաբերյալ հնչեցրած հայտարարությունները բավականին վատ ազդեցություն ու տպավորություն են թողել զինվորականների վրա:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Բաբայանը հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում պատերազմի պարտության ողջ մեղքը բարդել էր զինվորականների, բանակի վրա՝ փորձելով մաքրել քաղաքական իշխանությանը:
Հիմնական թիրախը ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն ու ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանն էին, սակայն հասկանալի է, որ, ընդհանուր առմամբ, փորձ է արվում պարտությունն ամբողջությամբ բարդել բանակի վրա: Սա, փաստացի, ամբողջովին տեղավորվում է Հայաստանի գործող իշխանությունների և մասնավորաբար Նիկոլ Փաշինյանի գործողությունների տիրույթում, երբ բոլորը համարվում են մեղավոր, իրենից բացի: Առանց այդ էլ Բաբայանը Հայաստանում և Արցախում խիստ հակասական կերպար է ընկալվում, գումարած դրան՝ այս հայտարարությունները, մեր աղբյուրի փոխանցմամբ, հունից հանել են զինվորականներին:
Թերթի տեղեկություններով, զինվորականները, Բաբայանի՝ իրենց վերագրվող քննադատությունը մանիպուլյատիվ են համարում՝ համոզմունք հայտնելով, որ շատ օպերացիաների տապալման հարցում Սամվել Բաբայանն ունի լուրջ դերակատարություն և այսպիսի հայտարարություններով փորձում է պաշտպանվել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: