Արթուր Դանիելյանի գործով դատական առաջին նիստը հետաձգվեց
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում այսօր պետք է մեկնարկեր «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի և ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի միջև տեղի ունեցած միջադեպով քրեական գործի դատավարությունը: Սակայն դատական նիստը հետաձգվել է:
Ա. Դանիելյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը լրագրողներին ասաց, որ իրեն դատավորի աշխատակազմից զանգել և ասել են՝ դատախազը դիմում է ներկայացրել, որ մեկ այլ գործով զբաղված լինելու պատճառով չի կարող ներկայանալ:
«Բոլորս էլ հասկանում ենք, որ այս գործով դա չի կարող լինել պատահականություն: Ամեն դեպքում մենք եկել ենք, «տուժող կողմը» ևս չկա: Ենթադրում եմ, որ պարզապես հետաձգում են նիստը»,- նշեց նա:
Արթուր Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 258-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն՝ «այն բանի համար, որ նա դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտանհարգալից վերաբերմունք դրսևորելով անձի նկտմամբ , կատարել է խուլիգանություն,որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով»։
Տ.Աթանեսյանն ասաց, որ իր պաշտպանյալը չի ընդունում առաջադրված մեղադրանքը. «Ակնհայտ է, որ խուլիգանության մասին խոսք չի կարող լինել, զավեշտալի է այս դեպքում: Այդ անձանց միջև կա կոնֆլիկտ, դրա մասին խոստովանում է փոխխոսնակը: Այսինքն այլևս էլ չի կարող լինել խուլիգանություն, հանցանք ուղղված հասարակության դեմ: Չգիտեմ՝ ինչու են գնացել այս մեղադրանքի»:
Գործը մակագրվել է դատավոր Արմինե Մելիքսեթյանին: Պաշտպանն ասաց, որ երբ կայանա առաջին նիստը, դատավորին հայտնելու են ինքնաբացարկ, ինքնաբացարկի միջոնդրություն են ներկայացնելու, քանի որ նրա գործողություններից ակնհայտ է, որ կամ վերահսկվում է այս իշխանության կողմից, կամ միգուցե սատարում է, միգուցե անձնական անհասկանալի դրական վերաբերմունք ունի այս իշխանություններին:
«Դա արտահայտվում է իր կայացրած մի շարք դատական ակտերով: Այս գործով նա անկախ և անաչառ դատավոր չէ»,- ասաց Տիգրան Աթանեսյանը:
«Ադեկվադ» ֆեյսբուքյան էջում գրված է. «Այսօր, ժամը 16:00-ին, Երևան ք.-ի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի 3-րդ դահլիճում կայանալու է թիվ ԵԴ/0874/01/20 #ԲարևԱլենՍիմոնյան ընդդեմ Արթուր Դանիելյանի քրեական գործով առաջին դատական նիստը: Տեղեկացնենք նաև, որ Արթուր Դանիելյանը 24 ժամով կրկին բլոկվել է Ֆեյսբուքի կողմից առանց հստակ հիմնավորման։
Այսպիսով, «Ադեկվադ» միաբանությունը եղջերուի որսի երկրորդ սեզոնը հայտարարում է բացված։ Կարող եք միանալ մեզ դատարանի դահլիճում»։
Հիշեցնենք, որ 2019 թ. ապրիլի 29-ին «Ադեկվադ» նախաձեռնության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ Ալեն Սիմոնյանը հարձակվել է փողոցում զբոսնող Արթուր Դանիելյանի վրա: Արթուր Դանիելյանը ծեծկռտուքից հետո տեղափոխվել էր հիվանդանոց։ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել էր, որ Դանիելյանն ի պատասխան իր բարևի իրեն հայհոյել է, ինչից հետո Սիմոնյանը գլխով հարվածել է Դանիելյանի դեմքին։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աթանեսյան. Ալեն Սիմոնյանը պետք է հրաժարական տա
- Պահանջում եմ անմիջապես հրապարակել տեսագրությունը. Ռուբեն Մելիքյան
- ՄԻՊ արագ արձագանքման խումբը կտեսակցի Ալեն Սիմոնյանին և Արթուր Դանիելյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան