Արցախի դատախազություն. Մովսես Հակոբյանին առանձնատան նկատմամբ սեփականության իրավունքի փոփոխություն երբևէ տեղի չի ունեցել
Արցախի դատախազությունը տարածել է իրազեկում Մովսես Հակոբյանի առանձնատան շուրջ տարածված տեղեկությունների ստուգման արդյունքների վերաբերյալ։
Դատախազության էջում հրապարակցած պարզաբանման մեջ ասված է.
«29.03.2021թ. ԱՀ դատախազություն դիմում էր ներկայացվել ԱՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Մովսես Հակոբյանի` Ստեփանակերտ քաղաքում տեղակայված առանձնատունը ԱՀ կառավարության որոշմամբ սեփականատիրոջից գնելու և նվիրատվության կարգով վերջինիս նվիրաբերելու` լայն տարածում ստացած տեղեկության վերաբերյալ` միջնորդելով պարզել հիշյալ տեղեկության` իրականության համապատասխանությունն ու հիշատակվող գործարքների իրավաչափությունը:
Պետության գույքային շահերի պաշտպանության սահմանադրական լիազորության շրջանակում դատախազության կողմից իրականացված ստուգման արդյունքներով պարզվել է հետևյալը.
Ստեփանակերտի քաղաքապետի թիվ 769 առ 24.08.2005թ. որոշմամբ 20.03.2006թ. ԱՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Մ.Հակոբյանին Ստեփանակերտ քաղաքի Տ.Մեծ փողոցի մոտակայքում հատկացվել էր հողատարածք` անհատական բնակելի տուն կառուցելու համար:
20.03.2006թ. Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից Մ.Հակոբյանին տրվել էր շինարարության թույլտվություն՝ անհատական բնակելի տան կառուցման համար, թույլտվության գործողության ժամկետը սահմանվել էր մինչև 20.03.2009թ.:
19.11.2008թ. Մ.Հակոբյանը դիմել և 04.12.2008թ. ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Ստեփանակերտի տարածքային ստորաբաժանումում հիշյալ հողամասում կառուցված առանձնատան նկատմամբ գրանցվել է նրա սեփականության իրավունքը:
Ինչպես դիտվում է կադաստրային գործում ներառված փաստաթղթերից, Մ.Հակոբյանին պատկանող բնակելի առանձնատան նկատմամբ սեփականության իրավունքի փոփոխություն երբևէ տեղի չի ունեցել, այն ԱՀ կառավարության կամ այլ սուբյեկտի կողմից չի գնվել և օտարման առարկա չի եղել:
ԱՀ ֆինանսների նախարարությանը և ԱՀ ներդրումային հիմնադրամին արված հարցումների պատասխաններից հետևում է, որ հիշյալ առանձնատան կառուցման, կատարած ծախսերի հատուցման կամ դրա հետ կապված որևէ այլ նպատակով ֆինանսական միջոցներ Մ.Հակոբյանին երբևէ չեն հատկացվել»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին