Հաագայի հայկական կազմակերպությունն ակնկալում է վերսկսել հայցերը Թուրքիայի դեմ
Այն բանից հետո, երբ ամերիկյան իշխանությունները ճանաչեցին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստը, ակնկալվում է, որ ԱՄՆ-ի դատարաններում նախկինում կասեցված դատական գործերը կվերսկսվեն: Այս մասին «ՌԻԱ նովոստի»-ին ասել է Նիդեռլանդներում հայկական «Աբովյան» մշակութային միության ներկայացուցիչ Ինգե Դրոստը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շաբաթ օրը պաշտոնապես ճանաչեց Օսմանյան կայսրությունում 20-րդ դարի սկզբին կազմակերպված և իրագործած հայերի կոտորածները:
«Մինչ այժմ ԱՄՆ դատարանները մերժում էին հայերի բողոքները` նշելով, որ ամերիկյան վարչակազմը չի ճանաչում ցեղասպանության փաստը: Այժմ իրավիճակը փոխվել է, և մենք ակնկալում ենք ԱՄՆ-ի տարածքում այդ պահանջների վերսկսում»,- ասել է հայ ակտիվիստը:
Նրա խոսքով, Հայոց ցեղասպանության ճանաչումը նոր հեռանկարներ է բացում պատմական արդարության հաստատման համար, այդ թվում`փոխհատուցման ոլորտում:
«Հուսով ենք, որ այն դրական ազդեցություն կունենա Հայաստանի և հայերի նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքի վրա: Արդյունքում, ապագայում հնարավոր կլինի կարգավորել հարաբերությունները երկու երկրների միջև»,- ասել է նա:
Ինգե Դրոստը նաև նշել է, որ Թուրքիան նյարդացած է և հասկանում է ԱՄՆ գործադիր իշխանության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը: «Մյուս կողմից, Թուրքիան չի կարող վատթարացնել հարաբերությունները Վաշինգտոնի հետ՝ ԱՄՆ-ից և Եվրոպայից տնտեսական և ռազմական կախվածության պատճառով»,- հավելել է նա:
Անդրադառնալով բուն Նիդեռլանդներում Հայոց ցեղասպանության ճանաչման իրավիճակին ՝ «Աբովյան» մշակութային միության ներկայացուցիչը նշել է, որ երկրի խորհրդարանը բազմիցս կառավարությանը կոչ է արել ձևակերպել այդ նախաձեռնությունը: Փետրվարի վերջին բանաձևի ընդունելուց հետո հեռացող գործադիր կաբինետը հայտարարեց, որ այդ որոշումը պետք է կայացնի նոր կառավարությունը, որը ձևավորվել է մարտյան ընտրություններից հետո:
«Հոլանդիայի կառավարությունը, խուսափելով այս թեմայից, գուցե առաջնորդվել է ռազմական և տնտեսական շահերով, բայց այժմ կարող է փոխել իր դիրքորոշումը և այս հարցում հետևել ԱՄՆ նախագահին»,- ասել է հայկական կազմակերպության ներկայացուցիչը, որի շտաբը գտնվում է Հաագայում:
Նրա խոսքով՝ Նիդեռլանդներում հայկական սփյուռքը կազմում է ավելի քան 30 հազար մարդ: