Ինչ է, դո՞ւք եք որոշում՝ ինչպիսին պետք է լինի սյունեցին. Աննա Գրիգորյանը՝ իմքայլականներին
«Այս ամբիոնից կարելի է ասել, թե սյունեցին այսպես պետք է լինի, այնպես պետք է լինի...։ Ինչ է, դո՞ւք եք որոշում՝ ինչպիսին պետք է լինի սյունեցին»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում ասաց անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանն՝ անդրադառնալով իմքայլականների՝ սյունեցիների վերաբերյալ հայտարարություններին։
Նրա խոսքով, որակումներ պետք չէ տալ, եթե մարդիկ պետք է անցնեն իրավական գործընթացով, թող անցնեն. «Բայց դո՞ւք եք որոշում՝ ով է խուլիգան, ով՝ ոչ»։
Պատգամավորը կոչ արեց շատ զգույշ լինել մարդկանց մասին խոսելիս։
«Այս երեք տարիների ընթացքում մենք սևի ու սպիտակի բաժանեցինք մեր հասարակությունը, հիմա էլ այն ներմուծում եք Սյունիքի մարզ՝ ասելով, որ կան լավ սյունեցիներ, որոնք ձեր կողքին են, և շատ վատ սյունեցիներ։ Այդպես խոսողներին ես կխնդրեի, կառաջարկեի գնալ Սյունիք, կանգնել Շուռնուխում և խոսել նման կերպ։ Ես առհասարակ, կարծում եմ, որ մեր երկրում պետք է առաջնահերթը միավորումը լինի, այլ ոչ՝ հերթական անգամ բաժանարար գծեր մտցնելը։ Սա ի գիտություն»,- նշեց նա։
Աննա Գրիգորյանի խոսքին տեղից միջամտում էին իմքայլականները։ Ի պատասխան նա ասաց. «Խնդրում եմ ձեզ պատգմավորին վայել արձագանքներ անել և չընդհատել իմ խոսքը»։
Ապա, հավելելով, Աննա Գրիգորյանը նշեց, որ այսքանով հանդերձ, իմքայլական պատգամավորներից մեկը, արձագանքելով սյունեցիներին բերման ենթարկելու գործընթացին, ասել էր. «Բա պետք ա բերման ենթարկեն, այ տենց ստորացնելով բերման ենթարկեն», ապա հիշեցրեց, որ ԱԺ պատգամավորը պարտավոր է պահպանել պատգամավորական էթիկան։
«Եվ ես խնդրել եմ, որ ստեղծվի էթիկայի հանձնաժողով և քննվի այս հարցը։ Եվ ընդհանրապես, սյունեցիների մասին խոսելիս խիստ հարգալից վերաբերմունք դրսևորեք»,- եզրափակեց խոսքը նա։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան