ՀԿ-ներ. Անհապաղ դադարեցնել Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի նախաձեռնությամբ կազմվել է փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դատապարտող հայտարարություն, որին միացել են մի շարք ՀԿ-ներ:
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Խստորեն մտահոգված և խորապես անհանգստացած ենք փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ա.Գաբրիելյանի կողմից հարուցված քրեական հետապնդման առնչությամբ:
Նիկոլայ Բաղդասարյանի նկատմաբ հարուցվել է քրեական հետապնդում, այն բանի համար, որ նա հանդիսանալով ամբաստանյալ Գագիկ Գեղամյանի պաշտպան հավաքել է վկա Տաթևիկ Հովսեփյանի վերաբերյալ տեղեկատվություն, որոնք պարունակել են անձնական գաղտնիք, իսկ այնուհետև այդ տեղեկատվությունը հրապարակել է լրատվական միջոցներում, ինչը նախաքննական մարմինը դիտել է որպես անձնական գաղտնիքի տարածում:
Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը, այն բանի համար որ նա հավաքագրել է ապացույցներ, այդ թվում նաև անձնական գաղտնիք պարունակող և չլինելով նախազգուշացված հրապարակել է այդ ապացույցները հանդիսանում է փաստաբանական գործունեության անկախության երաշխիքների նկատմամբ ապօրինի ոտնձգություն։
Հիշեցնում ենք, որ փաստաբանական գործունեությունն իրավապաշտպան գործունեության տեսակ է և պետությունն է պարտավոր ապահովել «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով սահմանված երաշխիքները, որպեսզի փաստաբանները կարողանան անարգել իրականացնել իրենց լիազորությունները»:
ՀԿ-ները ՀՀ իշխանություններին` մասնավորապես` ՀՀ գլխավոր դատախազությանը հորդորում են վերադառնալ օրինականության դաշտ և պահպանել իրավունքի գերակայության սահմանադրական սկզբունքը` ապահովելով իրավապաշտպանների համար ներպետական օրենսդրությամբ և միջազգայնորեն հաստատված պարտավորությունների կատարումը:
«Պահանջում ենք. անհապաղ դադարեցնել Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը և արդյունքների մասին հայտնել հանրությանը»,-ասված է հայտարարության մեջ:
Հայտարարության ներք ստորագրել են 11 ՀԿ-ներ:
Հիշեցնենք, որ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել Քքրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով, այն է՝ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը:
Փաստաբանների պալատի նախագահը տեղեկացրել է, որ Պալատից կնշանակվի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանի շահերը մյուս գործընկերների հետ միասին դատարանում պաշտպանելու նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում