Պատգամավո՞րն է որոշում՝ ում, երբ ստորացնել. Թագուհի Թովմասյան
«Ձայների հաշվարկն ամենալարված փուլն է, և երբեմն բուռն մթնոլորտ է լինում տեղամասերում, և հիմա ստացվում է, որ եթե մեկն ասի՝ այնպես պահեք քվեաթերթիկը, որ ինձ էլ տեսանելի լինի, հնարավոր է այդ քայլին հետևի քրեական պատասխանատվությունը»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նրա խոսքով, բերված նախագիծը լավն է, փաթեթավորումը գեղեցիկ է, բայց բովանդակությունը խնդրահարույց է։
Պատգամավորը նկատեց նաև՝ նախագիծը քննարկելիս իշխանության ներկայացուցիչները խիստ ագրեսիվ էին, և դա նաև մասամբ կապված է Սյունիքի դեպքերի հետ։
«Ստացվում է, որ ամեն նմանատիպ դեպքից հետո նոր նախագիծ է բերվելու, այսինքն՝ կյանքի ամեն դրվագ նոր օրենքով պետք է դատապարտվի։ Հանրային հանդուրժողականության համար միայն օրենքները քիչ են։ Իմ կարծիքով, այսօրվա այս իրավիճակի սերմերը ցանել է սև ու սպիտակ բաժանումների հեղինակը։ Եվ ըստ իս, այս ընտրություններն այդ լարվածությունը չեն թոթափելու, մարդկանց նյարդերն ավելի պրկվելու են, և ես կանխատեսում եմ ամենավատ սցենարները՝ հարձակումներ, խոչընդոտման ամենատարբեր ձևեր»,- նշեց նա։
Ըստ պատգամավորի, այս նախագիծը կարող է հանգեցնել մի շարք ձերբակալությունների։
«Կամ քարոզարշավը խոչընդոտելու համար սահմանել են տուգանք՝ 700 հազարից մինչև 1 միլիոն դրամ, և հայտնի չէ, թե խոչընդոտելը որն է, կարող է հոգոց հանես, ու դա դիտվի խոչընդոտում»,- նկատեց նա։
Թագուհի Թովմասյանի կարծիքով, իշխանությունն այսօր գնում է ռեպրեսիաների, անընդհատ ինչ-որ բաներ խստացնելու ճանապարհով։
«Մեզ մոտ նոր իմիջ է ձևավորվում, որ ով հայհոյում է Փաշինյանին, խուլիգան է։ Բայց այդպես չի կարելի...։ ԱԺ պատգամավորն ասում է, որ ինչ-որ մարդիկանց պետք է ստորացնելով բերման ենթարկել, այսինքն՝ մեր երկրում կան քաղաքացիներ, որոնք արժանի են ստորացմա՞ն, և ո՞վ, պատգամավո՞րն է որոշում՝ ում, երբ ստորացնել։ Եվ այս նախագիծն էլ լինելու է մահակ անցանկալի մարդկանց չեզոքացնելու համար»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում