Այսքանից հետո դժվար է տրամադրվել ու դուրս գալ բեմ, երգել. «Արցախի Ձայներ»-ի ղեկավար
Մայիսի 5-ին Կ. Դեմիրճյան համերգասրահում կկայանա «Արցախի Ձայներ» խմբի բարեգործական համերգը, որին կմասնակցեն նաև Շուշան Պետրոսյանը, Արթուր Գրիգորյանը, Միքայել Ոսկանյան Տրիոն, Գոռ Սուջյանը, Սևակ Խանաղյանը, Դավիթ Ամալյանը, Անետ Աղաբեկյանը, Կարեն Բոկսյանը և ուրիշներ։
Panorama.am-ը զրուցել է «Արցախի ձայներ» երաժշտական նախագծի գեղարվեստական ղեկավար Լիրա Քոչարյանի հետ առաջիկա համերգի, ծրագրերի ու անելիքների մասին:
Panorama.am- Տիկին Լիրա, ի՞նչ ծրագրով եք մասնակցում համերգին և հավաքված գումարն ի՞նչ նպատակով է ծախվելու:
Լ. Քոչարյան- Համերգի կազմակերպիչը Mezzo Production-ն է: Բարեգործական համերգին մասնակցելու առաջարկն իրենց կողմից էր, մենք էլ սիրով համաձայնվել ենք, քանի որ վաղուց ունեինք նման մի համերգ անելու մտադրություն: Բայց շատ հայտնի պատճառներով և ժամանակի տեսակետից, պայմաններից, ձմեռային ժամանակաշրջանում դժվար է Երևան գնալ- գալը նման ճանապարհներով, ուզում էինք գարնանը լիներ: Երբ առաջարկ եղավ, սիրով համաձայնեցինք:
Ծրագրում կան նոր գործեր: Մեկը պատերազմից հետո ծնված երգ է, ինչ-որ ձև ամփոփում է այս ամեն ինչը՝ մեր վերաբերմունքն է, մեր զգացմունքները, մեր տրամադրության և էմոցիաների մասին է:
Ծրագրում կա մի մաս, որին 7-11 տարեկան 4 սկսնակ երեխա է մասնակցում: Կա մի դրվագ, որն էլի հետաքրքրիր է: Հադրութից մի երեխա նամակներ է գրում Հադրութին: Այդ ոճը մենք պահում ենք, համերգը պետք է սկսվի հենց այդպիսի մի նամակով, որը երեխան ուղղում է իր հարազատ քաղաքին: Այդ 10 տարեկան երեխան ևս կլինի համերգին:
«Արցախի ձայների» համերգային մասը նոն-ստոպ բեմադրած մյուզիքլային ոճով է, որը տևում է մեկ ժամ: Երկրորդ մասում արդեն մյուս հյուրերը հանդես կգան:
Գումարի հետ կապված՝ պայմանավորվել ենք միասին մտածել: Բոլորիս էլ պարզ է, թե մոտավոր ինչ ուղղությամբ կլինի՝ բժշկական նպատակներով, կրթական կամ վիրավոր տղաների օգնության համար: Մենք խոսակցություն ունեցել ենք, բայց կոնկրետ չենք որոշել: Տեսնենք՝ ինչքան գումար կհավաքվի:
Panorama.am- Արցախում համերգով հանդես գալու մտադրությունն ունի՞ խումբը:
Լ. Քոչարյան- Շատ կուզեինք Արցախում էլ համերգ լիներ, բայց ընդհանուր մթնոլորտը համերգային չի: Արցախում դեռ շուտ է մեծ համերգներ կազմակերպելը և անվտանգության առումով, և տրամադրության: Միգուցե ուրիշ ֆորմատով, ուրիշ ձևով ու մոտեցմամբ նույն այս ծրագիրը ներկայացնենք Արցախում: Պարզ է, որ էլի բարեգործական, բայց պետք է տարբերվի սովորական համերգ լինելուց:
Հիմա ամեն ինչ փոխվել է, պետք է փոխվեն նաև մոտեցումները: Անգամ Երևանի համերգին դժվար եմ համաձայնվել, քանի որ մտածում եմ՝ մոտեցումները պետք է փոխվեն ինչ վերաբերում է համերգին, ուրախությանն ու հարսանիքին: Միգուցե մենք բոլորս դեռ չենք պատկերացնում, թե ինչպես պետք է լինի, բայց հասկանում ենք, որ հին ձևով չպետք է լինի: Կյանքը շարունակվում է, երբեմն մտածում ենք՝ բան չի փոխվել, բայց ոչ՝ ամեն մեկս էլ հասկանում ենք, որ փոխվել է: Ինձ թվում է՝ ամեն ինչն էլ պետք է փոխվի, ձևափոխվի, նպատակները, երաժշտությունը, բառերն ուրիշ լինեն: Բայց թե ինչպես պետք է փոխվի, ով պետք է փոխի, ով պետք է որոշի, ով պետք է կատարի այդ որոշումները՝ չգիտեմ:
Շատ բան է փոխվել հատկապես Արցախում:
Panorama.am- Խմբի անդամներն ինչպե՞ս են տրամադրված առաջիկա համերգին: Պարզ է, որ իրենց համար էլ դժվար կլինի, քանի որ պատերազմը բոլորին է առնչվել, միգուցե անձնական կորուստներ են ունեցել:
Լ.Քոչարյան- Այո, բոլորն ինչ-որ ձև առնչվել են այս պատերազմին: Շատ դժվար էր հավաքվել ու նորից սկսել աշխատել: Այսքանից հետո դժվար է տրամադրվել ու դուրս գալ բեմ, երգել: Կամաց-կամաց ինձ հաջողվեց ինչ-որ ձև այդ վիճակից հանել երեխաներին: Ավելի հեշտ էր փոքրերին հանել այդ վիճակից: Օրերս տղաներից մեկը չեկավ փորձի: Երկար սպասում էինք: Զանգեցի, ինձ չպատմեց, հետո ասաց, որ գտել էին զոհված ընկերոջն ու այդ օրը թաղումն էր:
Այսքան ժամանակ անց մենք էլի այդ ամեն ինչի մեջ ենք: Ամեն քայլափոխի դա զգում ես, տեսնում ես, նման պայմաններում ստեղծագործելը հեշտ չէ, բայց ամեն դեպքում փորձում ենք մեր գործն անել: Մարդկանց դրական բան է պետք, հոգնել են այս ամենից: Այդքանը հասկանալով՝ մենք էլ ենք փորձում մեզ հավաքել ու նոր բաներ մտածել:
Panorama.am- Տիկին Լիրա, ապրելով Արցախում, ծանոթ լինելով մարդկանց տրամադրություններին՝ ի՞նչ եք կարծում, ինչը կարող է մարդկանց վիշտը մի քիչ թեթևացնել:
Լ.Քոչարյան- Մարդիկ հասկանան, որ մեղավորները ինչ-որ ձև պատժվելու են: Գիտենք, որ այս ամեն ինչը չպետք է այսպես լիներ: Անգամ եթե պատերազմ էր, չպետք է այս ձևով լիներ:
Երկրորդ՝ մի լույս, դրական մի կետ տեսնեն, որպեսզի հասկանան՝ այսքան տված կյանքերը, այսքան զոհերն իզուր չեն: Թող այսօր լավ չլինի, թող հասկանանք, որ վաղն էլ լավ չի լինելու, բայց եթե մարդկանց հույս տրվի, որ վաղը չէ մյուս օրը կամ ինչ որ մի կետում լավ կլինի, այս ամեն ինչն իզուր չէ… Մարդկանց ավելի շուտ նեղում ու սպանում է այս անորոշությունը: Ամեն ինչ անորոշ է, չորս կողմից վտանգ է, ոչ մի կոնկրետ բան չկա, ոչ մեկի վրա չես կարող հույս դնել: Այդ վիճակն ամենավատն է:
Շատ վատ է, որ մենք սովորում ենք, հարմարվում ենք այդպես ապրելուն: Այդ հարմարվելն, ըստ իս, ամենավատն է, մենք մեզ խաբում ենք, հարմարվում ու ապրում ենք այս ստերի կամ իրավիճակի մեջ, երբ չգիտես՝ ով է քո թշնամին, ով ընկերը, չգիտես՝ ով է քո բարեկամը, ով չուզողը: Ամեն ինչ խառնվել է իրար, ոչ մի բան չենք կարողանում հասկանալ: Բոլոր արժեքները փոխվել են, արժեզրվել են:
Մենք մեծ երգացանք ունենք, 4-5 ժամվա համար նախատեսված գեղեցիկ գործեր, բայց որն ուզում ես ներառել ծրագրում, զգում ես, որ փոխվել է, ակտուալ չէ, չի համապատասխանում այսօրվա տրամադրությանը, զգացմունքներին: Ամեն ինչ փոխվել է: Նոր երգեր, նոր մոտեցումներ են պետք: Ամեն ինչ պետք է նոր լինի ու այդ նորն էլ պետք է ճիշտ լինի:
Ես ապրել եմ սովետի ժամանակ, թուրքերի հետ էլ ենք ապրել: Ապրել եմ մինչ մեր առաջին հաղթանակը, գիտեմ այս ամենը, գիտեմ՝ ինչ է կատարվում հիմա, տեսնում եմ՝ հետո ինչ պետք է կատարվի: Այն երեխաները, որոնք այդ ամեն ինչը չեն տեսել, մեծացել են ազատ, անկախ երկրում, վատ չեն ապրել, իրենց համար սա ավելի դժվար է: Ինչպես իրենց բացատրես, որ դու անցնում ես Շուշիով և այդ դրոշներն ամեն տեղ են:
Panorama.am- Կարծում եք՝ մի օր այդ դրոշների փոխարեն կրկին Արցախի դրոշները կծածանվե՞ն:
Լ.Քոչարյան- Կարծում եմ՝ այս Շուշիում առկա դրոշները չպետք է լինեին էլ: Զարմանում եմ, որ ամեն ինչ այսպես եղավ: Իսկ նորից չեն լինի, կլինեն… Մենք ոչ թե 30, այլ 50 տարի հետ գնացինք: Միգուցե, մի օր դա կլինի, բայց 50 տարի է պետք դրա համար:
Panorama.am- Շնորհակալություն զրույցի համար:
Զրուցեց Տաթև Մանուկյանը
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան