Նաիրիա Զոհրաբյան. Առաջարկել ենք ընդլայնել զինվորական համաներումից օգտվողների շրջանակը
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը գրում է.
«Հազարավոր երիտասարդներ սպասում են ժամկետային զինվորական զորակոչից խուսափած անձանց հանդեպ համաներում հայտարարելու մասին օրենքի նախագծին։ Կառավարությունը որոշել էր, որ համաներումից պիտի օգտվեն բացառապես մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած անձինք։ Հիմնավորումն այն էր, որ ովքեր խուսափել են գալ հայրենիք և մասնակցել արցախյան երկրորդ պատերազմին, նրանք իրավունք չպիտի ունենան օգտվելու համաներումից։
Սա սխալ մոտեցում է, քանզի հարյուրավոր երիտասարդներ ցանկացել են գալ Հայաստան և մեկնել առաջնագիծ, սակայն կորոնավիրուսով պայմանավորված օդային սահմանների փակ լինելու պատճառով պարզապես չեն կարողացել։
Ուստի, վաղը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացնելու ենք առաջարկ՝ ընդլայնել անձանց շրջանակը, ում վրա տարածվելու է օրենքի նախագիծը և մինչև «2020 թվականի սեպտեմբերի 26-ը» ձևակերպումը փոխարինել՝ «մինչև սույն օրենքի օրինական ուժի մեջ մտնելը» ձևակերպմամբ, որը էապես մեծացնում է համաներումից օգտվող մեր հայրենակիցների շրջանակը։
Բացի դա, նախագծի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով սահմանվում է, որ համաներումը չի կիրառվում մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմամբ, բացառությամբ այն անձանց, ովքեր մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ անձամբ կներկայանան քրեական հետապնդման մարմիններ, իսկ եթե գործը դատարանի վարույթում է` դատարան։
Այս կարգավորումը ևս վիճելի է, քանզի արտերկրում ապրող բազմաթիվ մեր հայրենակիցներ տարբեր խնդիրների պատճառով, օրինակ՝ վավեր անձնագիր չունենալու պատճառով, կարող է չհասցնեն անձամբ գալ Հայաստան, իսկ քրեական հետապնդումից ազատվելու գործընթացը կարող է տևել մի քանի ամիս։
Ուստի, տվյալ պետության իրավասու պետական մարմինների հետ հետագայում խնդիրներից խուսափելու համար առաջարկում ենք նախագծի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետում՝ «անձամբ կամովին» ձևակերպումից հետո լրացնել «կամ՝ լիազորված անձի միջոցով» ձևակերպումը։
Այս նախագծով մենք կարևոր խնդիր ենք լուծում և եթե որոշել ենք գնալ լայն համաներման, ապա այն չպիտի լինի ընտրովի և անարդար։
Հուսանք վաղը հանձնաժողովը կընդունի մեր առաջարկը, և հազարավոր հայ երիտասարդներ հնարավորություն կստանան վերադառնալու հայրենիք»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան