Ռոբերտ Քոչարյան. Ինձ հետ բերեցին
«Երկրի նկատմամբ, ներքին քաղաքականության նկատմամբ երիտասարդության անտարբերությունը կարող է բերել այն ամենին, ինչի միջով մենք անցանք»,- ի պատասխան հնչած հարցի հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ապրիլի 26-ին իր աջակիցների հետ հանդիպմանը։
Նրա խոսքով, երիտասարդների մի կողմ քաշվելը, շատ բաներ չնկատելը, չպայքարելը գումարվում են իրար ու ստանում են այսպիսի արհավիրք, ցունամի, որն ազդեց մեր կյանքի բոլոր ոլորտների վրա։
«Իմ տպավորությունն այնպիսին է, որ մինչ այսօր հոգեբանական ճնշում է գործադրվում մեր ժողովրդի վրա»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը՝ երիտասարդներին հոդորելով կողքի չքաշվել, ակտիվ ու պահանջատեր լինել։
Խոսելով իր ունեցած հաջողությունների պատճառների մասին, ՀՀ երկրորդ նախագահը կարևորել է կարգապահությունը, պատասխանատվությունը, մշտական աշխատանքը նոր գիտելիքների ձեռքբերման գործում։
«Ինչո՞ւ եմ հետ գալիս։ Ինձ հետ բերեցին։ Եթե երկրի վիճակը լավ լիներ, անկեղծ ասեմ, ներդրումային ընկերությունում ինձ համար չափազանց հետաքրքիր էր աշխատելը, ինձ թվում էր, ես իմ տեղը գտել եմ։ Սա այն դեպքն էր, երբ քո գիտելքներն ու փորձն աշխատում էին քո վրա։ Բայց անտարբեր մնալ, այս վիճակում մի կողմ քաշվել, ասել՝ դե լավ ինչ-որ մեկը այս հարցը կլուծի... Չեմ տեսնում՝ ով կլուծի։ Այս իրավիճակի համար իմ տպավորությամբ ամենից հարմար փորձ, գիտելիք, կենսագրություն ունեցող մարդկանցից եմ»,- մանրամասնել է ՀՀ երկրորդ նախագահն ու հավելել՝ քաղաքականություն վերադառնալու պատճառը երկրի նկատմամբ պատասխանատվության զգացումն է։
Հանդիպմանն ի թիվս այլ հարցերի՝ ներկաները հետաքրքրվում էին, թե արդյոք հնարավոր է Հայաստանը դուրս բերել այս ճգնաժամից, ինչ է պետք անել դրա համար, և երբ հասարակ քաղաքացին իր վրա կզգա այդ վերականգնումը։ Նախագահ Քոչարյանն իր խոսքում ասել է, որ հնարավո՛ր է։
«Հնարավորությունը կա՝ Հայաստանը մեծ շինհրապարակի վերածել, բոլորի համար աշխատատեղ ստեղծել։ Ուղղակի պետք է աշխատել, լինել կարգապահ, պատասխանատվություն ստանձնել, հաստատուն քայլերով շարժվել՝ Հայաստանի վերականգնման ուղղությամբ»,- նշել է նա։
ՀՀ երկրորդ նախագահի աջակիցների հետ հանդիպման տեսանյութը հրապարակել է նրա գրասենյակը։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. Այո՛, գնաճը զսպելու հնարավորությունն առկա է
- Ռոբերտ Քոչարյան․«Այո՛, ունեմ վստահություն, որ հաջողելու ենք»
- Ռոբերտ Մենենդես․ Շնորհակալ եմ, որ նախագահ Բայդենը կմիանա կոնգրեսական և գիտական կոնսենսուսին
- Ռոբերտ Քոչարյանը. Գալիս եմ իշխանության՝ արժանապատիվ խաղաղություն հաստատելու համար
- Ռոբերտ Քոչարյան. Այսօր անվտանգության հարցերում չի արվում ոչինչ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան