Ռոբերտ Քոչարյան. Մեր ժողովրդի մի մասը վարկերի տակ է, մի մասը՝ տուգանքների, մի մասն էլ՝ քրեական գործերի
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս պահին Թուրքիայի հետ սահմանի բացումը վտանգավոր է համարել Հայաստանի գյուղատնտեսության, Արարատյան դաշտավայրի բնակիչների համար։
«Մենք չենք կարող ասել, որ փակ սահմանը լավ բան է։ Նորմալ չէ, որ մենք փորձենք քարոզել, որ սահմանները փակ պահելը նորմալ երևույթ է։ Բայց մի բան ակնհայտ է, այսօր Թուրքիայի հետ սահմանի բացումը մեծ վնաս կհասցնի գյուղատնտեսությանը, քանի որ մեր գյուղատնտեսությունները միմյանց ոչ թե փոխլրացնող են, այլ մրցակից են։ Ակնհայտ է, որ Թուրքիայի գյուղատնտեսությունն ավելի լավ վիճակում է, ավելի մեծ ծավալների մեջ է, և Թուրքիայի կառավարությունն անհամեմատ ավելի մեծ սուբսիդիաներ է տրամադրում գյուղատնտեսությանը»,-ապրիլի 26-ին աջակիցների հետ հանդիպմանն իր կարծիքն այսպես է հիմնավորել ՀՀ երկրորդ նախագահը։
Նա ընդգծել է , որ Հայաստանում գյուղատնտեսությանը սուբսիդիաներ գրեթե չեն հատկացվում, իսկ նախարարության վերացումն էլ ոլորտը լրիվ անտեր թողեց։
«Սա նշանակում է մի բան, եթե հիմա սահմանը բացվի, Արարատյան դաշտի գյուղացիների վիճակը լինելու է ուղղակի սարսափելի։ Իրենց ապրանքը գնային առումով մրցունակ չի լինելու։ Մինչև սահմանը բացելը, առնվազն մի քանի տարի պետք է Հայաստանի գյուղատնտեսության մակարդակը բարձրացնել, սուբսիդավորումը հավասարեցնել Թուրքիայի մակարդակին։ Սահմանի բացումը չափազանց մեծ պրոբլեմ է լինելու գյուղացիների համար»,-ասել է Ռոբերտ Քոչարյանը։
ՀՀ երկրորդ նախագահը նկատել է, որ Հայաստանում այսօր գրեթե չկա այնպիսի գյուղացիական տնտեսություն, որ վարկերի տակ չլինի։
«Ընդհանրապես մեր ժողովրդի մի մասը վարկերի տակ է, մի մասը տուգանքների տակ է, մի մասն էլ քրեական գործերի տակ է։ Սա է պատկերը։ Մարդիկ ճղվում են, ուղղակի չեն հասցնում։ Այս հարցերին լուծում չտալով՝ մենք իրավունք չուն ենք խոսել Թուրքիայի հետ ազատ առևտրի, սահմանը բացելու մասին»,-նշել է նա՝ ավելացնելով, որ մինչ այդ պետք է հաշվի առնել մի քանի հարցեր, օրինակ, այսօր Հայաստանն ի՞նչ է արտահանում Թուրքիա, սահմանը բացելուց հետո արտահանման ծավալները ինչպե՞ս են փոփոխվելու, Հայաստան ներմուծվող ապրանքների ծավալն ինչպե՞ս է թռիչքաձև աճելու։
ՀՀ երկրորդ նախագահի աջակիցների հետ հանդիպման տեսանյութը հրապարակել է նրա գրասենյակը։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. Մեր երկրում չունենալ գյուղատնտեսության նախարարություն ուղղակի զավեշտ է
- Ռոբերտ Քոչարյան. Ինձ հետ բերեցին
- Ռոբերտ Քոչարյան. Այո՛, գնաճը զսպելու հնարավորությունն առկա է
- Ռոբերտ Քոչարյան․«Այո՛, ունեմ վստահություն, որ հաջողելու ենք»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան