Ուկրաինացիները ֆիլմ են նկարահանում կինոռեժիսոր, սցենարիստ Ռոման Բալայանի մասին
Օրեր շարունակ Հայաստանում և Արցախում էր ուկրաինացի կինեմատոգրաֆիստների խումբը: Նրանք ֆիլմ են նկարահանում տաղանդավոր կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Ռոման Բալայանի մասին: Այս մասին հայտնում են Կինեմատոգրաֆիստների միությունից:
«Ռոման Բալայանը թե Ուկրաինայում, թե Հայաստանում մեծ սեր և ճանաչում վայելով գործիչ է՝ լինելով խորհրդային կինոյի նշանավոր անուններից մեկը: Եվ ուկրաինացի կինոգործիչները որոշել են Ռոման Բալայանի ծննդյան 80-ամյակի առթիվ ֆիլմով անդրադառնալ նրա կյանքին, ապրած տարիներին, կինոյին ու նրա գործունեությանը:
Ռոման Բալայանի հորդորով նրանք առաջինը եղել են Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միությունում, միության նախագահ Հարություն Խաչատրյանի հետ քննարկելով ֆիլմի, հայաստանյան ու արցախյան ուղևորությունների, նկարահանումների հետ կապված բոլոր մանրամասները:
Նրանք նկարահանումներ են իրականացրել Երևանում՝ Փարաջանովի թանգարանում, Պանթեոնում, երևանյան փողոցներում, սրճարաններում ու ռեստորաններում, Երևանի կոնյակի գործարանում և բոլոր այն վայրերում, ուր սիրում է լինել Ռոման Բալայանն իր երևանյան օրերին: Եղել են նաև Գեղարդավանքում, Աշտարակում, Էջմիածնում և այլուր՝ վայրեր, որոնք կապված են բալայանական կյանքի ու տարիների հետ: Նկարահանել են նրա ընկերներին, մտերիմներին, գործընկերներին, որոնք սիրով ու գնահատումով խոսեցին Ռոման Բալայան մարդու և ստեղծագործողի մասին:
Ուկրաինացիները ուղևորվել են նաև Արցախ՝ լինելով Ռոման Բալայանի հայրենի գյուղում, նրա ազգականների ընտանիքներում, նրա սիրելի վայրերում:
«Վստահ ենք, որ շուտով հնարավորություն կունենանք տեսնելու սիրով, նվիրումով արված ֆիլմը Ռոման Բալայանի մասին, որ նույնն է, թե ֆիլմ Հայաստանի, Արցախի, հայի, հայկականության մասին»,- նշում են Կինեմատոգրաֆիստների միությունից:
Լուսանկարները՝ Կինեմատոգրաֆիստների միությանան ֆեյսբուքյան էջից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները