Մեզ չեք կարող ընկճել քաղաքական ռեպրեսիաներով և ճիզվիտային վարքագծով. Լիլիթ Գալստյան
«Ապրիլի 22-ին մենք այստեղ էինք՝ մեր բողոքի ձայնը հնչեցնելու իրավապահներին, և մեր համակրանքը արտահայտելու արժանապատիվ սյունեցիներին, որոնք պետության բացակայության պայմաններում պահպանում են սեփական հողն ու երկիրի ապագան»,- գլխավոր դատախազության դիմաց անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում ասաց ՀՅԴ-ական գործիչ Լիլիթ Գալստյանը։
Նրա խոսքով, ըստ էության, այս «ազգադավ» իշխանություններին այսպիսի՝ իր իրավունքների համար պայքարող քաղաքացի պետք չէ։
«Դուք ականատես եղաք, թե ինչպես վարչապետի աթոռին սոսնձվածի ապօրինի հրահանգով միջոցառումներ ձեռնարկվեցին և ձերբակալվեցին մեր հպարտ քաղաքացիները։ Ըստ երևույթին, այս իշխաությունների համար, որոնք դավաճանել են մեր ազգային և պետական շահը, ո՛չ օրենքը, ո՛չ էլ սահմանադրությունը արժեք չունի։ Դե իհարկե, մի իշխանություն, որի համար հայրենիքն արժեք չունի, օրենքն ու սահմանադրությունն էլ արժեք չեն ունենա։ Եվ նրանք ամեն միջոց ձեռնարկում են լռեցնելու ընդդիմության ձայնը, որն այսօր պայքարում է հայրենիքի փրկության համար»,- նշեց նա։
Ըստ Լիլիթ Գալստյանի, ապրիլի 22-ին բռնի ուժի գործադրմամբ բերման են ենթարկվել հանրահավաքի մասնակիցներից 14-ը, որոնց մեջ այն երիտասարդներն էին, որոնք բաց աչքով նայել էին թուրքին։
«Իհարկե, մենք բոլորս գիտենք, որ քաղաքական ռեպրեսիաներով մեզ հնարավոր չէ լռեցնել։ Եվ երեկ ՀՅԴ ԳՄ երեք անդամների՝ Իշխան Սաղաթելյանին, Արծվիկ Մինասյանին և Տարոն Տոնոյանին ներկայացվել են ծանուցագրեր, իհարկե, դա պատահականություն չէ, այն տեղավորվում է այս իշխանության՝ քաղաքական ճնշում և ռեպրեսիաներ գործադրելու փիլիսոփայության մեջ։ Նրանք առհասարակ չեն խորշում ապօրինի գործողություններից»,-կարծիք հայտնեց նա։
ՀՅԴ-ական գործիչը նաև անդրադարձավ իմքայլական պատգամավոր, «հայտնի աներձագ» Հրաչյա Հակոբյանի հայտարարությանը, թե պետք է սյունեցիներին նվաստացնելով բերման ենթարկեին։
«Նիկոլ Փաշինյանը, որը պարտված է, որը դավաճանության սիմվոլն է, այսօր փորձում է փոքրիկ հաղթանակներ կազմակերպել Հայաստանում։ Դա քեզ չի հաջողվելու։ Մենք պայքարում ենք ապագայի համար։ Հարգելի՛ իրավապահներ, դուք շատ լավ գիտեք, որ մեղանչում եք օրենքի առաջ, և ծառայելով Նիկոլ Փաշինյանին, դուք ծառայում եք թուրք-ադրբեջանական շահերին...։ Մեկ անգամ ևս ուզում եմ ասել՝ մեզ չեք կարող ընկճել քաղաքական ռեպրեսիաներով և ճիզվիտային վարքագծով»,- եզրափակեց խոսքը Լիլիթ Գալստյանը։
Հարակից հրապարակումներ`
- Բավական է լինեք կոնկրետ անձի և նրա խմբակի կամակատարը. Էլինար Վարդանյանը՝ իրավապահներին
- Կասկածյալի կարգավիճակով հրավիրել էին հարցաքննության, ասացին՝ վկա եք. Գեղամ Մանուկյան
- Կազմակերպված ձևով շարունակվում է քաղաքական հետապնդումը. Արծվիկ Մինասյան