Վրաստանի ցամաքային սահմանների բացումը կախված է առաջին հերթին հարևան երկրներում համաճարակաբանական իրավիճակից․ Էկատերինե Տիկարաձե
Հարևան երկրների հետ ցամաքային ուղիները բացելու կոնկրետ ժամկետներ Վրաստանը չի նշում. ըստ առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի` Վրաստանի ցամաքային սահմանների բացումը կախված է առաջին հերթին հարևան երկրներում համաճարակաբանական իրավիճակից: Այս մասին գրում է Ալիք Մեդիան։
Սահմանային անցակետերում դժվարություններ են առաջանալու, օրինակ` եթե պարզվի, որ քաղաքացին վարակված է, անհապաղ պետք է նրան իր երկիր վարադարձնելու որոշում կայացվի: Ըստ նախարարի` ապահովագրության օրենքի մեջ փոփոխություններ անելու կարիք կա։ Հավանաբար պարտադիր բժշկական ապահովագրություն կպահանջվի ցամաքային սահմանային անցակետերով Վրաստան մուտք գործող օտարերկրացիներից: Այս դեպքում կորոնավիրուսով վարակվելու պարագայում զբոսաշրջիկի բուժական ծախսերը կփոխհատուցվեն:
Հիշեցնենք` Վրաստանի ցամաքային սահմաններն ավելի քան մեկ տարի փակ են: Նախորդ տարվա մարտի 14-ից Վրաստանը փակվեց Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիների համար, մարտի 16-ից՝ Ռուսաստանի հետ ցամաքային ճանապարհը փակվեց: Մարտի 18-ից ամբողջությամբ արգելվեց օտարերկրյա քաղաքացիներին հատել Վրաստանի սահմանը, ինչպես նաև Վրաստանի քաղաքացիներին արգելվեց լքել երկրի տարածքը: