Առաջարկվում է ստեղծել հարթակ, որտեղ ողջ գիտական ներուժը կծառայի բանակին
Մեկնարկել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։ Քննարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Հիմնական զեկուցող Գևորգ Գորգիսյանի խոսքով, նախագիծը միտված է լուծելու ռազմաարդյունաբերության խթանումն ու երկրի գիտական ներուժի օգտագործումը՝ ի շահ բանակի։
«Նախագծով նախատեսվում է ստեղծել ռազմարդյունաբերության համալիրին կից գործող գիտական կենտրոն, որը ՀՀ բուհերի հետ համատեղ կիրականացնի գիտական-գիտահետազոտական ծրագրեր, որոնք կիրկանացվեն՝ ելնելով բանակի, պետության կարիքներից։ Սրա համար կնախատեսենք տարկետում այն տղաների համար, որոնք կընդունվեն բակալավր և ի սկզբանե կկնքեն պայմանագիր, որ համաձայն են հետագայում իրենց ողջ գիտական ներուժն օգտագործել բանակի համար։ Բակալավրից հետո երկրորդ և երրորդ մակարդակի իրենց ուսումնառությունն այդ տղաները կիրականացնեն համապատասխան հաստատությունում՝ ստեղծված ռազմարդյունաբերության համալիրին կից, որտեղ իրենց գիտական աշխատանքները կլինեն կոնկրետ բանակին անհրաժեշտ ուղղությամբ»,- ներկայացրեց նա։
Պատգամավորը մանրամասնեց՝ եթե օրինակ, Հայաստանին անհրաժեշտ է ԱԹՍ, ապա դրա համար կգրվեն նոր ծրագրեր։ Այսինքն՝ նախագծով առաջակվում է ստեղծել հարթակ, որտեղ ողջ գիտական ներուժը կծառայի բանակին։
Իմքայլական պատգամավոր Սասուն Միքայելյանն, անդրադառնալով նախագծին, ասաց, որ իր փորձը ցույց է տալիս, որ ռազմարդյունաբերական համալիր ունենալով էլ Հայաստանը ամեն բան ձեռք է բերում օտար երկրներից։
«Ավելի ճիշտ չի՞ լինի, որ մեր ՌՈՒՀ-երում մասնագիտական ֆակուլտետ բացվի, որ հենց նման խնդիրներով զբաղվի»,- հարց հնչեցրեց նա։
Պատասխանելով՝ Գևորգ Գորգիսյանն ասաց, որ ՌՈՒՀ-երը պատրաստում են կադրային սպաներ, իսկ նախագծով առաջարկում է պատրաստել գիտնականներ, որոնք արհեստական բանականության ոլորտում լուծումներ պետք է առաջարկեն։