Կազմակերպված ձևով շարունակվում է քաղաքական հետապնդումը. Արծվիկ Մինասյան
«Ես այսօր եմ ծանուցագիր ստացել, և կարող էի անգամ չներկայանալ։ Դատախազությունից պատճառաբանել էին, թե տեխնիկական վրիպակ է եղել, բայց դե Քանաքեռի թաղայինն է բերել, իսկ նա իմ տեղը շատ լավ գիտեր»,- այսօր ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ-ական գործիչ Գեղամ Մանուկյանը։
Հիշեցնենք, որ ՀՅԴ-ական մի շարք գործիչներ այսօր հրավիրվել են քննչական կոմիտե։
Գեղամ Մանուկյանն անդրադարձավ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի այն հայտարարությանը, թե Իշխան Սաղաթելյանն ու Տարոն Տոնոյանը չեն կանչվել հարցաքննության, մանիպուլյացիա է։
«Իշխան Սաղաթելյանն էլ այսօր մեկ այլ գործով է կանչվել ՀՔԾ հարցաքննության, իսիկ Տարոն Տոնոյանն էլ այսօր 16.30 այստեղ լրիվ այլ գործով է հարցաքննվելու։ Գեղարքունիքի մարզում էլ Իշխան Սաղաթելյանի եղբայրը՝ Նաիրին ու նրա զարմիկն են կանչվել հարցաքննության։ Ու թող չասեն, թե այս ամենն իրար հետ փոխկապակցված չէ»,- ասաց նա։
ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ ինքն ավելի վաղ է ստացել ծանուցագիր, բայց դրանից հարցի էությունը չի փոխվում։
«Սա այն դեպքի հետ է կապված, երբ դատախազության աշխատակիցները անհարգալից վերաբերմունք ցուցաբերեցին մեր հազարավոր քաղաքացիների պահանջների նկատմամբ։ Երբ դատախազության մոտ ակիցիա էին իրականացնում «հեղափոխության պահապանները», գլխավոր դատախազը դիմավորում էր նրանց, իսկ երբ խոսքը հերոսական սյունեցի ժողովրդի իրավունքների ոտնահարման, նրանց բռնի բերման ենթարկելու մասին էր, դատախազը անտարբերություն ցուցաբերեց։ Եվ հենց դրան հետևեցին անհնազանդության ակցիաները, որոնք արժանացան ոստիկանության բիրտ ու կոպիտ գործողություններին։ Մենք այդ օրը ունեցել ենք 14 բերման ենթարկված, ունենք 1 քաղբանտարկյալ։ Հիմա նորից մեզ այս գործընթացում ներքաշելը նշանակում է, որ կազմակերպված ձևով շարունակվում է քաղաքական հետապնդումը»,- նկատեց նա։
Այնուամենայնիվ, Արծվիկ Մինասյանը վստահեցրեց, որ այս հետապնդումները որևէ կերպ չեն կասեցնելու պայքարը, չեն ազդելու դրա վրա։
ՀՅԴ-ական գործիչ Գերասիմ Վարդանյանն էլ ասաց, որ ինքը ծանուցում է ստացել երեկի երեկոյան 20.00-ին, Արտաշատի ՀՅԴ գրասենյակի դիմաց, որը մի քանի օր առաջ շրջապատված էր ոստիկանների կողմից։
«Մի քանի օր առաջ այդ գրասենյակից դուրս եկած քաղաքացինեին տարբեր պատճառաբանություններով բերման էին ենթարկել ու տարել Արտաշատի ոստիկանության բաժին։ Նրանք իմ տեղն էլ գիտեն, մեր տան հասցեն էլ, այդ ծանուցագիրը շատ հանգիստ կարող էին տանը տալ։ Բայց երեկոյան ուշ ժամին կուսակցության գրասենյակի մոտ ծանուցագիր տալը կասկածելի է»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Գոռ Աբրահամյանն արձագանքել է փաստաբան Բենիկ Գալստյանին
- Գեղամ Մանուկյան. Իշխանությունն ու նիկոլը կատաղել են
- Ակցիայի հայտարարությունից հետո դաշնակցական գործիչներին հրավիրել են քննչական վարչություն
- Վաղը ՀՅԴ-ն հրավիրում է դատախազության շենքի առջև բողոքի ակցիայի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան