ՀՀ դեսպանը ՄԱԿ ԱԽ-ում՝ Անթույլատրելի է Ադրբեջանի փորձերը՝ քաղաքականացնել ԼՂ հակամարտության գոտի ՄԱԿ գործակալությունների մուտքի հարցը
Ապրիլի 27-ին տեղի է ունեցել ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ՝ զինված հակամարտություններում քաղաքացիական բնակչության և կենսական նշանակություն ունեցող օբյեկտների պաշտպանության թեմայով, որին ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը:
ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչության հաղորդմամբ, իր ելույթում ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծել է Արցախի նկատմամբ սանձազերծած ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից քաղաքացիական օբյեկտները՝ բնակելի շենքերը, կենսական ենթակառուցվածքները կանխամտածված ձևով թիրախավորելը։ Մատնանշվել է Ադրբեջանի կողմից արգելված զինատեսակների կիրառումը, ինչպես նաև հիվանդանոցների, կրթական հաստատությունների և մանկապարտեզների թիրախավորումն ու տարբեր միջազգային հումանիտար և իրավապաշտպան կազմակերպությունների կողմից այդ ամենի արձանագրումը:
ՀՀ մշտական ներկայացուցիչը ՄԱԿ Անվտանգության խորհրդի ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ քաղաքացիական բնակավայրերի վրա կիրառված ծանր և արգելված զինատեսակների մնացորդները և չպայթած ռումբերը շարունակում են սպառնալ Արցախի քաղաքացիական բնակչության բնականոն կյանքին և վնասել շրջակա միջավայրին, և այս իրավիճակի կարգավորման համար առկա է անհետաձգելի միջոցառումների իրականացման անհրաժեշտություն:
Այս համատեքստում բարձր է գնահատվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի հումանիտար արձագանքման կենտրոնի գործունեությունը հակամարտությունից տուժած բնակչության կենսական կարևորության կարիքների լուծման նպատակով: Անթույլատրելի է համարվել Ադրբեջանի փորձերը քաղաքականացնել և գործիք դարձնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի միջազգային հումանիտար աջակցության և ՄԱԿ-ի գործակալությունների մուտքի հարցը, ինչը հակասում է հիմնարար մարդասիրական սկզբունքներին:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան