Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումը ՀՀ սահմանադրության կոպիտ խախտում է․ Վարդան Այվազյան
Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումը ՀՀ սահմանադրության կոպիտ խախտում է։ Այս մասին լրագրողներին ասաց սահմանադրական իրավունքի մասնագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Վարդան Այվազյանը։
«Փաշինյանի իրավաբանները դեռևս երեք տարի առաջ արդարացիորեն հիմնավորել էին, որ հրաժարական տված վարչապետը չի կարող լինել պաշտոնակատար։ Հիմա երբ հակառակն են հիմնավորում, դա կոչվում է «վերլուծական շիզոֆրենիա»։ Այս առումով պետք է նշել, որ սահմանադրությունը չի կարելի մեկնաբանել տեխնիկական հարթությունում՝ կոնկրետ բառերից կախվելով։
Սահմանադրության 158-րդ հոդվածում գրված է, որ վարչապետի հրաժարականից հետո պաշտոնը թափուր մնալուց հետո, կառավարության հրաժարականից հետո կառավարության անդամները շարունակում են կատարել իրենց պարտավորությունները։ Հիմա խոսքը վերաբերում է մյուս անդամներին։ Չեք կարող ասել մեկ դեպք, երբ նախարարը հրաժարականից հետո շարունակի պաշտոնավարել, պատգամավորը կամ որևէ բարձրաստիճան պաշտոնյա»,- ասաց նա։
Նրա խոսքով, եթե վարչապետը տվել է հրաժարական, ապա դա նշանակում է, որ նրա լիազորությունների կատարումն անհնարին է. «Իսկ դրա կատարման անհնարինությունը բխում է հանրային մեծ պահանջից»։