Ապացուցողական բժշկություն՝ կամուրջ գիտական բժշկության և գործնական առողջապահության միջև
Երևանում այսօր մեկնարկեց «Ապացուցողական բժշկություն. տեսությունից պրակտիկա» խորագրով 2-րդ միջազգային գիտաժողովը, որին մասնակցում էին տարբեր երկրներից ժամանած գիտնականներ:
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, նշեց, որ անգնահատելի է ապացուցողական բժշկության կարևորությունը ոչ միայն բժշկական գործընթացներում, այլև Հայաստանի ողջ առողջապահական համակարգի համար:
«Հայաստանում վերջին տասնամյակում տեսությունից պրակտիկա անցման գործընթացը հստակորեն է իրականացվել: Արդեն ունենք ձևավորված երիտասարդ բժիշկների սերունդ, որոնք իրենց չեն պատկերացնում ապացուցողական բժշկությունից դուրս և իրենց գործողություններում, մտածելակերպում, նշանակումներում և առհասարակ գիտական փնտրտուքներում միայն շարժվում են ապացուցողական բժշկության սկզբունքներով»,- ասաց նախարարը:
Ա.Մուրադյանի խոսքերով՝ ապացուցողական բժշկությունը թույլ է տալիս սակավ միջոցներ ունեցող առողջապահական համակարգի տարբեր հարցերի վերաբերյալ տալ առավել հստակ գնահատականներ:
Նախարարն անդրադարձավ նաև գիտական կոչումների խնդրին՝ նշելով, որ Բժշկական համալսարանը ևս այս հարցին պետք է հետամուտ լինի, որպեսզի գիտական կոչումներ շնորհվեն միայն ու միայն այն աշխատանքների համար, որոնք հստակ ձևավորված են ապացուցողական բժշկության շրջանակներում:
«Այսինքն՝ դրանք պետք է հիմնավորված լինեն միջազգային ընդունված մեթոդաբանությամբ և կարողանան այդ ամենը ապացուցել ոչ միայն մեր երկրում, այլև Հայաստանից դուրս»,- ընդգծեց նախարարը:
Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը իր խոսքը սկսելով լատինական ասացվածքով՝ «փաստը միշտ ավելի ուժեղ է, քան խոսքը», նշեց, որ բժշկագիտության մեջ փաստերը պետք է լինեն չափազանց պատասխանատվությամբ ներկայացվող:
«Հույս ունեմ, որ գիտաժողովի արդյունքում կունենանք անվտանգ առաջարկություններ, իսկ ուսանողներն ու կատարելագործվող բժիշկները կստանան փաստերի վրա հիմնված կլինիկական առաջարկություններ: Համոզված եմ, որ այս կոնֆերանսի արդյունքները կաշխատեն հօգուտ մեր հիվանդների, հօգուտ մեզ»,- ասաց Մ.Նարիմանյանը:
Ակադեմիկոս Վիլեն Հակոբյանն էլ համաժողովում ասաց, որ ապացուցողական բժշկության մասին առաջին անգամ իմացել են երկու տասնամյակ առաջ և սկզբնական շրջանում շատերի, նաև իր համար այնքան էլ պարզ չէր, թե դա ինչ տերմինալոգիա է: Սակայն, ըստ նրա, վերջին տարիներին ամբողջ աշխարհում՝ հատկապես զարգացած երկրներում, ապացուցողական բժշկության մեթոդոլոգիային նվիրված բազմաթիվ հետազոտություններ են հրապարակվել:
«Զարգացած երկրներում ասում են, որ ապացուցողական բժշկությանը նվիրված այդ մեթոդաբանությունը զարգանում է երկրաչափական պրոգրեսիայով և չեն էլ հասցնում մարդիկ հետևել դրան: Բայց ես չէի ասի, որ դա մեզ մոտ այդպիսին է, ուստի ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել Ռուբեն Հովհաննիսյանին, ով կարելի է ասել՝ Հայաստանում ապացուցողական բժշկության պիոներներից է: Ապացուցողական բժշկությունը դժվար է ասել, որ գիտություն չէ, դա գիտական մեթոդաբանական մի մոտեցում է, որը հանդիսանում է կամուրջ գիտական բժշկության և գործնական առողջապահության միջև»,- ընդգծեց Վ.Հակոբյանը:
Նշենք, որ երկօրյա գիտաժողովի շրջանակներում մասնագետները կանդրադառնան ապացուցողական բժշկության ներդման հետ կապված դժվարություններին, առողջապահական տեխնոլոգիաների գնահատման զարգացման հեռանկարներին, օրենսդրությանը: Մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինեն նաև կլինիկական ուղեցույցների մշակմանը, ապացուցողական բժշկության հիմունքների դասավանդմանը, այլ արդիական թեմաների վերաբերող հարցեր: Գիտաժողովն անցկացվում է ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, Հանրապետական գիտաբժշկական գրադարանի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի աջակցությամբ:
«Ապացուցողական բժշկություն. տեսությունից պրակտիկա» խորագրով գիտաժողովն անցկացվում է նաև Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ և նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Համաժողովի ներկա էին նաև ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը, ակադեմիկոս Վիլեն Հակոբյանը, Ռուսաստանի Դաշնության Ապացուցողական բժշկության միության նախագահ Վասիլի Վլասովը և մի շարք երկրներից ժամանած բժիշկ-գիտնականներ:
Նախորդող հրապարակում՝
Ռ.Հովհաննիսյան. Ապացուցողական բժշկությունը կնպաստի հայրենական առողջապահության զարգացմանը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում