Բավական է լինեք կոնկրետ անձի և նրա խմբակի կամակատարը. Էլինար Վարդանյանը՝ իրավապահներին
Դատախազության դիմաց ՀՅԴ կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր ամիսներ շարունակ անկոտրում կամքով պայքարում են երկրի փրկության համար:
«Այսօր իսկապես օրհասական պահ է, իսկապես ունենք երկիրը կորցնելու լուրջ վտանգ»,- ասաց նա:
Էլինար Վարդանյանը կոչով դիմեց իրապահներին՝ ասելով, թե բավական է լինել կամակատար, բավական է լինել կոնկրետ անձի և նրա խմբակի կամակատարը:
«Երեք տարի շարունակ կատարել եք նրա բոլոր ցուցումներն ու հրահանգները: Բավական է: Երեք տարի շարունակ դուք նրա ցուցումով հարուցել եք քրեական գործեր, ցույց եք տվել իբր պայքարում եք կոռուպցիայի դեմ՝ իրականում որևէ արդյունք չգրանցելով: Բավական է կատարեք նրանց կամքը:
Դուք հասկանո՞ւմ եք՝ ձեր ոչ պատասխանատու վարքագծով է, որ հրահրում եք այնպիսի գործողություններ, որի արդյունքում մենք այսօր ունենք քաղաքական բանտարկյալի կարգավիճակում գտնվող երիտասարդ:
Դուք հասկանո՞ւմ եք արդյոք, որ ձեր անգործության պատճառով է, որ օր օրի վտանգում ենք Հայաստանի ապագան:
Ո՞ւր են այն քրեական գործերը, որոնք պետք է հարուցվեին պատերազմից հետո»,- ասաց Է.Վարդանյանը:
Նա նշեց, որ Արցախի նախագահը երեկ հայտարարեց՝ հոկտեմբերի սկզբին արդեն պարզ էր պատերազմի ընթացքը:
«Ձեզ մոտ հարց չի առաջացնում դա, հարգելի իրավապահներ: Ձեզ չի մտահոգում, որ եթե հոկտեմբերի սկզբին արդեն պատերազմի ընթացքը պարզ էր, ապա ինչո՞ւ էին նրանք մեր երիտասարդներին տանում կրակի բերան, տանում գիտակցված մահվան, ինչո՞ւ էին կոչերով՝ տանից վերցնել զրահաբաճկոնները, սաղավարտներ, ուղարկում այդ երեխաներին գիտակցված մահվան:
Հարգելի իրավապահներ, դա ձեզ չի՞ հետաքրքրում, այդ հարցերը ձեզ մոտ չե՞ն առաջացել: Բազմաթիվ հարցեր կան կապված պատերազմի հետ: Ո՞ւր են այդ հարցերի քննությունը»,- ասաց Է. Վարդանյանը:
Նա նշեց, երբ սյունեցիներն ի վերջո ցույց տվեցին, որ ի տարբերություն շատերի, իրենք հայրենիքի սահմանները զիջողը չեն, ինչ էին անում՝ հավաքում էին սյունեցիներին ու հերթով բերման ենթարկում:
«Հարցրեցիք այդ սյունեցիներին, որ քո երեխան ադրբեջանցիների նշանառության տակ խաղում է, քեզ ո՞նց ես զգում: Դրա փոխարեն բերման եք ենթարկում ու լրացուցիչ լարվածություն եք հրահրում: Ուրեմն իմացեք հարգելի իրավապահներ, ձեր անպատասխանատու վարքագիծը, ձեր պարտականությունները պատշաճ չկատարելը հրահում է նոր լարվածություն: Կոչս մեկն է՝ մտածեք յուրաքանչյուր քայլ անելուց առաջ, մտածեք մեր ու ձեր երեխաների ապագայի համար:
Ուզում եմ իմ երեխաներն ապրեն ապահով Հայաստանում: Ես հույս ունեմ, նաև դուք եք ուզում, որ նաև ձեր երեխաներն ապրեն ապահով հայաստանում»,- ասաց Էլինար Վարդանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ալիևն այսօր այս խամաճիկների հետ փորձում է իրականացնել այն, ինչը նրանց խանգարեց Նժդեհը. Գեղամ Նազարյան
- Կազմակերպված ձևով շարունակվում է քաղաքական հետապնդումը. Արծվիկ Մինասյան
- Արծվիկ Մինասյանի քրոջ որդուն կալանավորեցին