Լարիսա Ալավերդյանն ու նրա ամուսինը ԱԱԾ են հրավիրվել
«Ինձ և իմ ամուսնուն հրավիրել են ԱԱԾ՝ «Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, փոխադրելու, պահելու, պետական գործչի սպանության նախապատրաստելու, իշխանության յուրացում նախապատրաստելու» դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում»,-այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Նրա փոխանցմամբ՝ ԱԱԾ հրավիրվել է որպես վկա:
«Այսպիսի նամակ ստացել է նաև ամուսինս, նա նույնպես կանչվում է այս գործով: Ես նամակը վերցրել եմ փոստից, չգիտես ինչու արդեն մենք ենք գնում փոստ, ոչ թե փոստն է բերել: Ես ավելի ուշ եմ գնացել և այն ժամկետը, որը նշված է ապրիլի 19-ին, արդեն անցել է: Ես նամակը վերցրել եմ ապրիլի 23-ին»,- ասել է Լ.Ալավերդյանը:
Տիկին Ալավերդյանի ամուսինը՝ Միքայել Արամյանը, մասնակցել է պատերազմին «Սիսական» ջոկատի կազմում։ Նա համոզված է, որ սա քաղաքական հետապնդում է:
«Անգամ եթե ինձ ասեն, որ դա այդպես չէ, միևնույն է, կարծում եմ, իմ անունը չպետք է անծանոթ լինի ԱԱԾ-ին: Իրենց պատիվ չի բերում այն փաստը, որ ինձ որպես վկա կանչում են այսպիսի ծանրագույն հոդվածով: Դա պարզապես զգուշացում է, որ իրենց համար չկան անձեռնամխելի անձինք: Ես մերժում եմ այսպիսի վերաբերմունքը, դա անհարգալից վերաբերմունք է հենց ԱԱԾ-ի հանդեպ: ԱԱԾ-ն ոչ թե պետք է հրավիրի բոլորին, այլ պետք է ծանրագույն հիմքեր ունենա, որ հրավիրի: Ափսոսում եմ, որ այդպիսի կառույցում, ինչպիսին ԱԱԾ-ն է պետք է ընդգրկված լինեն իրենց գործի վարպետները», - շեշտել է Ալավերդյանը:
Աղբյուրը հիշեցնում է, որ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման նախապատրաստման), 35-305-րդ հոդվածի (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) և 235-րդ հոդվածի (ապօրինի զենք զինամթերք պահելու) կասկածանքով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան