Կառավարությունը հավաստիացնում է, որ թմրամոլները չեն ստանա արտադրական կանեփի արտադրության լիցենզիա
Կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն տվեց թույլ տալ ՀՀ-ում արտադրական կանեփի արտադրությունը, ներմուծումը, արտահանումն ու վաճառքը կանոնակարգող «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին և հարակից օրենքների փաթեթին։
«Այն բխում է կառավարության հաստատած տնտեսական արձագանքման ծրագրից և գործողությունների պլանից, որով նախատեսվել են գյուղատնտեսական նոր բարձր ավելացված արժեք ձևավորող մշակաբույսերի աճեցման նախապայմանների ձևավորման նպատակով ընտրված մշակաբույսերի աճեցման անհրաժեշտ նախապայմանների ձևավորումը, որի շրջանակներում առաջարկվում է արդյունաբերական կանեփի աճեցման և հետագայում վերամշակման նպատակով ապահովել դրանց մշակման գործընթացը»,- հայտարարեց հարցը զեկուցող փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:
Նախագծով սահմանվում է, որ արտադրական կանեփի արտադրության, վաճառքի համար անհրաժեշտ կլինի հատուկ լիցենզիա։
Օրենքի նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանում թույլատրելով կանեփի արտադրությունը միաժամանակ փորձ է արվում զարկ տալ գյուղատնտեսության զարգացմանը, օգտագործել տնտեսության զարգացմանն ուղղված բոլոր ռեսուրսները, քանի որ հանրապետության գյուղատնտեսական հողերի շուրջ 1/3-ը գտնվում է անմշակ վիճակում։
«Հողերի մշակումը ոչ միայն լայն իմաստով կխթանի գյուղատնտեսության ոլորտը և նոր շունչ կհաղորդի երկրի տնտեսությանը, այլ նաև էական նշանակություն կունենա առանձին շրջանակի անձանց կենսապայմանները բարելավելու համար։ Մասնավորապես, կանեփի արտադրությունը՝ որպես բիզնեսի նոր ենթաճյուղ զարգացնելով, կստեղծվեն բազմաթիվ նոր աշխատատեղեր այնպիսի վայրերում, որտեղ մշտապես առկա է տեղի բնակչությանն աշխատանքով (եկամտով) ապահովելու խնդիր»,- ասվում է օրենքի հիմնավորման մեջ:
Փոխվարչապետի տեղեկացմամբ՝ լիցենզավորման համար անհրաժեշտ է, որ դիմողը խախտած չլինի թմրամիջոցների մասին օրենքը։ Այն անձինք ովքեր տառապում են թմրամոլությամբ կամ կունենան թմրամիջոցների օգտագործման հետ կապված դատվածություն, չեն կարողանա դիմել լիցենզիայի։
Ավինյանը հայտնեց, որ կանեփի հումքի արտահանման ամեն դեպքում մեկ տոնան գերազանցող ամեն տոննայի համար սահմանվելու է 60 մլն դրամի տուրք: Նա նաև առաջարկեց օրենքն ԱԺ-ում ընդունել հրատապ կարգով:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունն ավտոմեքենաների վաճառքի երկրորդային շուկայից դուրս է մղում ֆիզիկական անձանց
- Պատվաստանյութից որևէ թեթև կամ ծանր կողմնակի ազդեցությունը գրեթե զրոյական է. Ավանեսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան