Վարունգը իրացնելու համար գյուղատնտեսական տոնավաճառներում արմավիրցիների համար լրացուցիչ տեղեր կհատկացվեն
Արմավիրի մարզի համայնքներում են վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներն ուսումնասիրություններ են իրականացնում` պահածոյացման ենթակա վարունգը մթերելու նպատակով: Այս մասին հայտարարել է գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, ով այսօր այցելել է Գեղակերտ համայք ու հանդիպել վարունգի իրացման խնդրի առաջ կանգնած գյուղացիների հետ:
Ռոբերտ Մակարյանի խոսքով` վերամշակող ընկերություններն այս տարի իրենց ունեցած պահանջարկից ավել են վարունգ մթերել, սակայն հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով նախաձեռնվել է այս հանդիպումը, որպեսզի երկու կողմերը պայմանավորվածություններ ձեռք բերեն բերքի մթերման հարցում և փոխշահավետ ու երկուստեք ընդունելի լուծումներ գտնվեն:
Ինչ վերաբերում է շուկայահանման ենթակա արտադրանքին, ապա, գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, գյուղացիական տնտեսություններին առաջարկվել է շաբաթ-կիրակի օրերին կազմակերպել իրացումը մայրաքաղաքի գյուղատնտեսական տոնավաճառներում:
Այդ նպատակով նախարարությունն արմավիրցիների համար լրացուցիչ տեղեր կհատկացնի` հնարավորություն ընձեռելով նաև մեծածավալ վաճառք իրականացնել բեռնատար մեքենաներով: Փոխնախարարը նաև ընդգծել է, որ գյուղատնտեսական տոնավաճառներին մասնակցությունն անվճար է, և վերավաճառողներից ցածր գին առաջարկելու դեպքում գյուղացիները կկարողանան իրենց արտադրանքն իրացնել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում