Արաբկիրի «Թիթեռնիկ» մանկապարտեզի երեխաների ծնողները չգիտեն՝ մայիսի 3-ից ուր են տանելու իրենց երեխաներին
Երևանի Արաբկիր համայնքի թիվ 22 «Թիթեռնիկ» մանկապարտեզը մայիսի 3-ից կանգնում է հիմնահատակ վերանորոգման։ Մանկապարտեզը փակում է դռները 18 ամսով, ավելի քան 160 երեխա մնում է առանց նախադպրոցական կրթության։
Ծնողները, ինչպես նաև մանկապարտեզի աշխատակիցները, այդ ամենի մասին իմացել են ընդամենը ապրիլի 27-ին։ Այսօր ծնողները հավաքվել են քաղաքապետարանի դիմաց՝ պարզելու, թե երկուշաբթի օրվանից որ մանկապարտեզ պետք է հաճախեն իրենց երեխաները:
«Երկու պահանջ ունենք՝ տարածք հատկացնեն մեր մանկապարտեզի կոլետիվը երեխաների հետ տեղափոխվեն այնտեղ, կամ՝ տեղավորել երեխաներին տարածքի այլ մանկապարտեզներ, բոլոր երեխաներին, ոչ միայն աշխատող ծնողների երեխաներին»,- քաղաքապետարանի դիմաց լրագրողներին իրենց պահանջները ներկայացրեցին բողոքող ծնողները:
Նրանք ասացին, որ ապրիլի 27-ին են իմացել մանկապարտեզի փակվելու ու վերանորոգման աշխատանքներ սկսելու մասին:
«Արդեն երկու տարի է մանկապարտեզը հաղթել է ծրագիր, որ պետք է վերանորոգվի, անընդհատ հետաքրքրվում էինք, թե երբ պետք է սկսվի, ասում էին՝ վերջնական որոշում չկա քաղաքապետարանի կողմից, երբ լինի, կտեղեկացնեն, բայց խնդիր չկա, երեխաներին այլ մանկապարտեզներում ենք տեղավորելու»,- նշեց ծնողներից մեկը:
Մանկապարտեզի երեխաների ծնողներն արդեն երկուշաբթի խնդրի առաջ են կանգնելու՝ ուր թողնեն իրենց երեխաներին աշխատանքի գնալու համար: Առաջարկ հնչեց՝ բերել ու իրենց բալիկներին թողնեն քաղաքապետարանում, եթե մինչ այդ հարցը չլուծվի:
Ծնողները նշեցին, որ իրենց երեխաները սթրես են տանում, որ չեն հաճախելու մանկապարտեզ, հատկապես ավարտական խմբի երեխաները, որոնք արդեն նախապատրասվում էին հանդեսին, որն այլևս չի կայանա:
Բողոքող քաղաքացիների խոսքով, Արաբկիրի թաղապետարանից իրենց ասել են՝ հարցով զբաղվում է քաղաքապետարանը, իրենցից պետք չէ լուծում ակնկալել, քաղաքապետարանից ասել են՝ դիմեք թաղապետարան:
Ծնողներին հանդիպեց քաղաքապետարանի հանրակրթության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Սարգսյանը: Ծնողները նրանից միայն մեկ հարցի պատասխան էին ուզում ստանալ՝ երկուշաբթի օրը որ մանկապարտեզն են հաճախելու իրենց երեխաները: Նա նշեց, որ այդ հարցի պատասխանն այս պահին չի կարող տալ:
Նրանք նշեցին, որ միգուցե հետաձգեին վերանորոգման աշխատանքները, մինչև այս հարցը լուծվեր:
«Վստահեցնում եմ ձեզ՝ ձեր կողմից ներկայացված բոլոր տարբերակները քննարկվել են, բայց եթե խոսքը վերաբերում է, թե երկուշաբթի ուր են գնալու երեխաները, այս պահի դրությամբ չեմ կարող պատասխանել: Երբ ունենանք համապատասխան փաստաթուղթ, անմիջապես կսկենք գործել»,- ասաց նա:
Ծնողները նշեցին, որ իրենց չբավարարեց քաղաքապետանի պաշտոնյայի ոչ մի պատասխան:
Նրանք լրագրողներին ասացին, որ առողջապահության նախարարությունից պետք է թուղթ ուղարկվի, որ թույլատրվում է ավելացնել մանկապարտեզի խմբերում երեխաների թիվը:
«Սակայն թաղապետարանից մեզ ասացին, որ նույնպիսկ եթե նման հրաման լինի, առաջնահերթություն տրվելու է այն երեխաներին, որոնք կոնկրետ հերթագրված են այդ մանկապարտեզում»,- ասաց ծնողներից մեկը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են