Երևանում երկրորդ դեպքն է, երբ COVID-19 սպասարկող բուժկենտրոնի պատուհանից պացիենտը նետվել է ցած
Երևանում` COVID-19 սպասարկող բժշկական կենտրոններից մեկում գիշերը դժբախտ պատահար է տեղի ունեցել: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ն 77-ամյա պացիենտը հիվանդասենյակի պատուհանից նետվել է ցած: Տղամարդը ստացիոնարում բուժվել է ապրիլի 17-ից, ում վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Հիվանդասենյակում եղել է կնոջ հետ, որը կորոնավիրուսի դեմ ստացիոնար բուժումը ստանում էր նույն բժշկական կենտրոնում:
Բուժման ընթացքում որևէ խնդիր չի եղել, տղամարդը կատարել է բժիշկների բոլոր ցուցումները` ստացել պատշաճ բուժօգնություն: Նրա մոտ հոգեկան շեղումներ մասնագետները չեն արձանագրել:
Դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը հանգամանքները պարզելու համար:
Հիշեցնենք՝ ապրիլի 7-ին ԱՆ-ից հայտնել էին, որ Երևանում` COVID-19 սպասարկող բժշկական կենտրոններից մեկում գիշերը 72-ամյա պացիենտը հիվանդասենյակի պատուհանից նետվել էր ցած: Լուսադեմին գտել էին նրա դին: