Հրաժարական է տվել, վերջ, չկա այդ մարդը, ինքը գործ չունի վարչապետի լիազորությունների հետ. Ա. Հովհաննիսյան
«Կարևոր է հասկանալ՝ վարչապետի հրաժարականը բերո՞ւմ է իր պաշտոնի թափուր մնալուն, թե՞՝ չէ»,- այսօր «Վարչապետի հրաժարականով պայմանավորված ԺՊ-ի սահմանադրականությունը» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ Արդարդատության նախարարի նախկին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, սահմանադրության 149-րդ հոդվածը սահմանում է, որ վարչապետի հրաժարական ներկայացնելու, կամ վարչապետի պաշտոնի թափուր մնալու այլ դեպքերում, նույն օրվա մեջ Կառավարությունն իր հրաժարականով դիմում է նախագահին։
«Այստեղ տեսեք, վարչապետի հրաժարական տալը դիտարկվում է նրա տեղի թափուր մնալու դեպքերից մեկը, այսինքն՝ հրաժարականի պահից վարչապետի տեղը թափուր է։ Եվ երբ Կառավարությունը հրաժարական է ներկայացնում, վարչապետի պաշտոնը թափուր է մնում, չկա էլ վարչապետ, չկա ինչ-որ խոսակցություն այն մասին, թե արդյո՞ք վարչապետն այդ կառավարության անդամ է։
Նախագահը, բնականաբար, անհապաղ ընդունում է այդ հրաժարականը, իսկ Կառավարության անդամները շարունակում են պաշտոնավարել։ Իսկ ո՞ր անդամներն են շարունակում պաշտոնավարել։ Եթե օրինակ՝ վարչապետի հետ հրաժարական տար նախարարներից մեկը, ի՞նչ էր տեղի ունենալու։ Նա շարունակելու էր պաշտոնավարե՞լ, իհարկե ոչ»,- ասաց նա։
Ըստ Արթուր Հովհաննիսյանի, մոտեցումը, որ վարչապետը հրաժարական տալուց հետո չի կարող պաշտոնավարել, դրսևորվել է և՛ օրենսդիրի, և՛ գործադիրի կողմից. «Երբ մենք նայում ենք օրենսդրական և իրավական ակտերը, ապա կտեսնենք, որ այդ տրամաբանությունն է հիմքում»։
Որպես օրինակ նա ներկայացրեց Կառավարության կառուցվածքն ու գործունեության կարգը սահմանող դրույթները, որոնցում հստակ նշվում են դեպքերը, թե երբ է վարչապետը պարտավոր հրաժարական տալ։
«Երկու դեպք է։ Առաջին, երբ նա քաղաքացիությունից զրկվել է, կամ դարձել է այլ երկրի քաղաքացի։ Եվ երկրորդ, երբ նա համատեղելիության պահանջները չի կատարել, օրինակ՝ բիզնես է բացել, իրեն էլ կարգել է տնօրեն ու զուգահեռաբար զարգացնում է բիզնեսը։ Հիմա օրենքը պահանջում է, որ այդ դեպքերում վարչապետը հրաժարական տա։ Ի՞նչ, նշանակում է, որ մինչև արտահերթ ընտրություններ մենք կարող ենք ունենալ վարչապետի պարտականությունները կատարող օտարերկրացի քաղաքացի՞։ Հրաժարական է տվել վարչապետը, չկա այդ մարդը, էլ ինքը գործ չունի վարչապետի լիազորությունների հետ»,- ներկայացրեց նա։
Բացի այդ, Արթուր Հովհաննիսյանի խոսքով, տեսականորեն հավանական են նաև այն դեպքերը, երբ վարչապետը հաժարական է տվել, ու չի ուզում այլևս պաշտոնավարել, իրեն պետք է ասեն՝ չէ, դու մինչև նոր արտահերթ ընտրություններ հարկադրված ես շարունակել պաշտոնավարումը։
«Ի՞նչ պիտի անի, պիտի բյուլետեն բերի՞։ Բնականաբար ոչ»,- ասաց նա։
Միևնույն ժամանակ, Արթուր Հովհաննիսյանը նկատեց՝ հրաժարական ներկայացրած վարչապետն իրավունք չունի օգտվել կառավարական առանձնատնից, ամառանոցներից, ուղղաթիռից...։
«Իսկ մենք ունենք իրավիճակ, երբ վարչապետի պաշտոնակատարն օգտվում է մի բանից, որից օգտվելու իրավունք օրենքով չունի»,- եզրափակեց խոսքը նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան