Ադրբեջանը փորձում է գերիների հարցը իրավականից դարձնել քաղաքական. Արման Թաթոյան
«Ադրբեջանը փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը և այս խնդիրն իրավականից դարձնել քաղաքական»,-ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Արման Թաթոյանն՝ անդրադառնալով հայ ռազմագերիների խնդրին:
Նա շեշտեց, որ պետք է միջազգային հանրությանն ասել, որ հակամարտությունը չի ավարտվել և Ադրբեջանում գտնվող ցանկացած մարդ ռազմագերի է:
Օմբուդսմենը նկատեց, որ Հայաստանի ոչ մի իշխանություն Ադրբեջանի ժողովորդի նկատմամբ ատելություն երբեք չի տարածել, մինչդեռ Ադրբեջանում հակառակն է տեղի ունենում:
Թաթոյանը հիշեցրեց, որ ռազմագերու նկատմամբ չի կարելի քրեական գործ հարուցել, կալանավորեն, սակայն Ադրբեջանն այն անում է միտումնավոր, հայ հասարակության շրջանում վիճակը լարված պահելու համար:
Ըստ օմբուդսմենի՝ գերիների հարցը տարբեր շահարկումներ տեղիք է տալիս, տառապանքներ է պատճառում ընտանիքներին:
«Ես անձամբ հանդիպել եմ և առանձնազրույցներ ենք վարել վերադարձած գերիների հետ, ես լիարժեք տիրապետում եմ, թե այնտեղ ինչ է կատարվում, պահվածքը, իրենց վերաբերմունքը»,-հայտարարեց Արման Թաթոյանը և նշեց, որ չի կարող այդ ամենը հրապարակել:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն առաջնային համարեց համաշխարհային հանրությանը ցույց տալը, որ Ադրբեջանը վարում է այն ցեղասպան քաղաքականությունը, որը օսմանյան իշխանություններն են վարել, քանի որ դրանք բոլոր գծերով համընկնում են կրոնական և էթնիկ ատելության երևույթների հետ: