ՀԱՍԱԿ-ը կմասնակցի արտահերթ ընտրություններին. Արման Ղուկասյան
«Մեր քաղաքական ուժն ունի որոշ տեղեկություններ, ըստ որոնց, արտաքին որոշ ուժեր նպատակ են դրել Հայաստանում իրավիճակն ապակայունացնել՝ մինչև ընտրություններն ու դրանից հետո՝ երկիրը դնելով առավել վատ վիճակի մեջ»,- հայտարարեց Հանուն սոցիալական արդարություն կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը «Հայելի» ակումբում։
Նրա խոսքով, այս ուժերը փորձելու են նաև հակառուսական տրամադրություններ բարձրացնել։
Բանախոսը հատկապես իշխանություններին զգուշացնում է՝ ընտրությունների կեղծման, խախտման ցանկացած փորձ բերելու է վատ հետևանքների, ապակայունացման, որից տուժելու է մեր երկիրը։
«Այս իշխանությունները ձախողել են։ Ընտրությունները պետք է դառնան հնարավորություն այն քաղաքական ուժերի համար, որոնք պատրաստ են ստանձնել երկիրը ճգնաժամից ու խոր անդունդից հանելու պատասխանատվություն։ Ընտրությունների միջոցով երկրում պետք է ձևավորվի նոր իշխանություն, քանի որ այս իշխանությունները, կրկնում եմ, մեղմ ասած, ձախողել են»,- ասաց ՀԱՍԱԿ-ի ղեկավարը։
Նա կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը փորձելու է ամեն ինչ անել, որ քարոզարշավն անցնի սև-սպիտակի, նախկին-ներկայի, ոչ թե ծրագրերի մրցակցության համատեքստում։
«Սա շատ վտանգավոր է։ Այս ընտրությունները վերջին հույսն են, հնարավորությունը, որը թույլ կտա երկիրը դուրս բերել այս աղետից»,- նշեց նա՝ ընդգծելով, որ քաղաքական ուժերը պետք է հանդես գան ոչ թե պոպուլիստական հայտարարություններով, այլ խնդիրների լուծման հստակ ծրագրերով ու տեսլականով։
Ղուկասյանը պաշտոնապես հայտարարեց՝ իր ղեկավարած ՀԱՍԱԿ-ը նույնպես կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, մասնակցության ձևաչափի, այլ ուժերի հետ համագործակցության մասին կհայտարարի, երբ պաշտոնապես նշանակված լինեն ընտրությունները։
«Մենք ընտրություններին մոտենալու ենք միայն այդ տրամաբանությամբ՝ պետք է հստակ լուծումներ, տեսլական առաջարկվի, երկիրն այս վիճակից դուրս բերելու համար։ Կասկած չկա, որ իշխանությունը հանդես չի գալու հստակ ծրագրերով, նրանք հանդես են գալու նոր ճառերով, պոպուլիստական հայտարարություններով։ Ես ուզում եմ հորդորել մարդկանց գնալ այն ուժերի հետևից, որոնք հանդես կգան հստակ ծրագրերով»,- նշեց նա։
Անդրադառնալով Հայաստանում հակառուսականության քարոզչությանը, Ղուկասյանն ասաց, այդ գործին լծված են նաև մի քանի երկրների դեսպանատներ։
«Ուր էր ԵԽԽՎ-ն, արևմտյան կառույցները պատերազմի ժամանակ, երբ ֆոսֆորային զինատեսակներ էին թափվում Արցախի վրա։ Հակառուսականության տարածումն այս պահին ոչ թե Ռուսաստանի դեմ է, այլ՝ հակահայկական է։ Հիմա տարածաշրջանում մեծ ռիսկեր կան նոր պատերազմի։ Մեր երկրում անկայունություն հեչ պետք չէ, պետք է անցնցում անցկացնել ընտրություններն ու անցնել խնդիրների լուծմանը»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Արման Ղուկասյան. Փաշինյանի հայտարարությունն Իսկանդերի մասին պատահականություն չէր
- Արման Ղուկասյան. Հասարակությունն այս տարի կզգա, թե ինչ խոր ճգնաժամի մեջ է Հայաստանը
- Արման Ղուկասյան. ԱԺ ամբիոնից մատ թափ տալով հայտարարություններ անող Փաշինյանը նախ պետք է մտածի արցախցիների խնդիրների մասին
- Արման Ղուկասյանը՝ դրամաշնորհ ստացած ՀԿ-ներին. Ինչո՞ւ են տրվել այդ գումարները
- Արման Ղուկասյան. Պետության ձեռնարկած քայլերը բավարար չեն արցախցիների խնդիրները լուծելու համար
- Արման Ղուկասյան. Այս պահին անհրաժեշտ է ոչ միայն գնահատական տալ կատարվածին, այլև կանխել քաղաքացիական պատերազմը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան