Վարչապետի պաշտոնավարումը դադարեցնելը երբեք չի կարող առաջացնել իշխանության վակուում․ Գևորգ Դանիելյան
«Կա մոտեցում, քանի որ սահմանադրության 158-րդ հոդվածն ասում է՝ վարչապետի հրաժարականից հետո կառավարության անդամները շարունակում են պաշտոնավարել, և կառավարության անդամ է համարվում նաև վարչապետը, հետևաբար ինքն էլ կարող է շարունակել պաշտոնավարել»,- այսօր «Վարչապետի հրաժարականով պայմանավորված ԺՊ-ի սահմանադրականությունը» թեմայով քննարկման ժամանակ ասաց իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։
Նրա խոսքով, մեկ այլ մոտեցմամբ էլ նշվում է՝ քանի որ սահմանադրությունը չի արգելում վարչապետի հրաժարականից հետո նրա պաշտոնավարումը, ապա նա իրավունք ունի պաշտոնավարել։ Իսկ երրորդ մոտեցումն էլ, ըստ իրավաբանի, այն է, որ պետք է բարոյականության սահմաններում դիտարկել հարցը, այսինքն՝ վարչապետը բարոյական իրավունք ունի շարունակել պաշտոնավարելը։
«Եթե իսկապես կառավարության անդամ է վարչապետը, ապա ինչո՞ւ չի կարող պաշտոնավարել։ Սահմանադրության 147-րդ հոդվածով ամրագրվել է կառավարության կազմը, բայց այնտեղ կառավարության անդամ եզրույթը չկա։ Ի տարբերության կառավարության կազմի, կառավարության անդամներ եզրույթն օգտագործվում է երկու իմաստով։ Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 41-րդ հոդվածը հստակ ամրագրում է, թե ինչպիսի մեթոդաբանությամբ պետք է մեկնաբանվի եզրույթը»,- նշեց նա։
Նա նկատեց, որ այժմ իշխանությունները փաստարկներ են բերում, թե չեն կարող ստեղծել իշխանության վակուում, դրա համար Նիկոլ Փաշինյանը պետք է շարունակի պաշտոնավարել։ Մինչդեռ, ըստ նրա, վարչապետի պաշտոնավարումը դադարեցնելը երբեք չի կարող առաջացնել իշխանության վակուում, որովհետև գործող սահմանադրական մարմինը ոչ թե վարչապետն է, այլ Կառավարությունը։
«Եթե ասում ենք՝ անհնարինության դեպքում փոխվարչապետն ամբողջ ծավալով է իրականացնում վարչապետի լիազորությունները՝ առանց որևէ վերապահման, ապա այստեղ այդ խնդիրը բարձրացնելն ուղղակի տեղին չէ»,- ասաց նա։
Անդրադառնալով 2018-ի ապրիլի 23-ի Սերժ Սարգսյանի հրաժարականին՝ Դանիելյանն ասաց, որ զուտ իրավական տեսանկյունից, օրենսդրությամբ սահմանված իմաստով հրաժարական չի եղել, եղել է հայտարարություն։
«Կառավարությունը իր որոշման մեջ նշել է հայտարարություն, այլ ոչ թե՝ հրաժարական, և դրանով դադարեցրել է գործող վարչապետի պաշտոնավարումը։ Այդ ամենին անդրադառնալիս, շատ հաճախ ասում են՝ քաղաքական իրավիճակը թույլ չտվեց, որ վարչապետն իր լիազորություններն ու պաշտոնավարումն իրականացներ։ Այս տեսակետի հեղինակները նրանք են, որոնք միշտ քաղաքական ընդդիմախոսների դիրքից են հանդես գալիս»,- ասաց նա։
Նա նաև հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանն էլ է այդ ժամանակ հայտարարել՝ իրավաբանները պնդել են, թե հրաժարականի դեպքում չի կարող պաշտոնավարում լինել։
«Բացի այդ, եթե ինչ-որ մեկի մտքով անցնում է սա գնահատել որպես ծայրահեղ անհրաժեշտություն, ես համարում եմ անհիմն։ Միջազգային փորձում եթե եղել են իրավիճակներ, որ պաշտոնավարումը շարունակել են, հաշվի են առել տվյալ իրավիճակը, երկրի հանրային շահերն ու այդ շահերին ծառայելու հնարավորությունը»,- նշեց Գևորգ Դանիելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ինչո՞ւ գլխավոր դատախազությունը քրգործ չի հարուցում, եթե Նիկոլը մտել է Կառավարություն. Իսագուլյան
- Եթե Նիկոլը Կառավարության նիստ վարեց, դա պետք է ընդունել հիմք՝ իշխանության յուրացման հատկանիշներով քրեական գործ հարուցելու համար. Պետրոսյան