«Ժողովուրդ». Ղարաբաղի կարգավիճակի շուրջ բանակցությունները, այսպես, թե այնպես, վերսկսվելու են. Տարասով
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Արցախի հիմնահարցի կարգավորումը կկանգնի և ժամանակավորապես կդադարի: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց կովկասագետ Ստանիսլավ Տարասովը՝ խոսելով վերջին շրջանում Հայաստանի և Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումներից:
Բանն այն է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում բարձրաձայնել է, որ Արցախի հակամարտությունը լուծված չէ, և բաց են մնում կարգավիճակի հարցն ու տեղահանվածների վերադարձի խնդիրը:
Տեղահանվածների վերադարձի խնդիրը այլ բան չէ, քան Շուշիի և Հադրութի դեօկուպացիա, քանի որ այստեղ է, որ առկա է տեղահանվածների վերադարձի խնդիր: Դրանից առաջ էլ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ելույթում օգտագործել էր «ցեղասպանություն» եզրույթը: Սակայն նկատենք՝ Տարասովը կարծում է, թե այս պահին ամենաքիչն էր պետք ճանաչել այն:
«Ամերիկացիները պատերազմի հետևանքները լեգիտիմ չեն համարում և ցանկանում են գործողությունները վերսկսել Մինսկի խմբի միջոցով: Ցեղասպանության ճանաչումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Երևանի և Անկարայի միջև սկսվել էին չբարձրաձայնվող կոնտակտներ: Կարծում եմ՝ թուրքերը միանգամից չեն գնա, այլ դադար կտան, ինչը նշանակում է, որ Ղարաբաղյան հարցի կարգավորումը կկանգնի», – նշեց Տարասովը:
Վերջինիս խոսքով՝ Մոսկվան ընդհանրապես չի հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքից, Մակրոնը ևս բարձրացնում է ԵԱՀԿ ՄԽ աշխատանքների ակտիվացման հարցը: «Խնդիրն այն է, որ Ադրբեջանը համաձայն չէ, քանի որ օրակարգում առաջարկվող հարցերի ցանկում է Արցախի կարգավիճակի հստակեցման հարցը, իսկ Ադրբեջանը համարում է, որ Ղարաբաղի հարց գոյություն չունի ընդհանրապես:
Կարծում եմ՝ Ղարաբաղի կարգավիճակի շուրջ բանակցությունները, այսպես, թե այնպես, վերսկսվելու են»,- հավելեց նա: Տարասովի խոսքով՝ ամերիկացիներն աշխատում են իրավիճակի վատթարացման օգտին, և շատ հնարավոր է, որ Վաշինգտոնի ու Փարիզի միջև երկխոսություն է ընթանում ԵԱՀԿ ՄԽ-ում իրենց քայլերի համաձայնեցման շուրջ: Սակայն, վերջինիս խոսքով, ՌԴ-ն ևս անմասն չի մնալու գործընթացներից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում