Ադրբեջանական հարձակումներն ուղեկցվել են դաժանություններով ու գլխատումներով. ՄԻՊ հատուկ զեկույց
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հատուկ զեկույցով է հանդես եկել ԵԱՀԿ անվտանգության ոլորտում համագործակցության բարձրաստիճան ֆորումին։ Այս մասին նշված է ՄԻՊ Արման Թաթոյանի էջում։
2021թ. ապրիլի 28-ի ելույթում Պաշտպանն անդրադարձել է ադրբեջանական զինված հարձակումներին Արցախի նկատմամբ, որի ժամանակ թիրախային հարվածներ են հասցվել խաղաղ բնակչությունը: Թիրախավորվել են կանայք ու երեխաներ, խախտվել են մարդու իրավունքների միջազգային իրավունքի նորմերը: Ավելին, Ադրբեջանը պատերազմ է սկսել ուժի բացառման միջազգային կոչերի, այդ թվում՝ COVID-19-ի ընթացքում պատերազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ուղիղ պահանջի կոպիտ խախտմամբ:
Ադրբեջանական կողմն օգտագործել է արգելված կասետային զինատեսակներ՝ թիրախային հարվածներ հասցնելով Արցախի (Լեռնային Ղարաբաղի) քաղաքացիական բնակավայրերի և խաղաղ բնակչության ուղղությամբ։ Պաշտպանը շեշտել է, որ ադրբեջանական զինված հարձակումներից սպանվել ու վիրավորվել են նաև Հայաստանի Հանրապետության Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի բնակիչներ:
Ադրբեջանական զինված հարձակումներն ուղեկցվել են անմարդկային ու դաժան վերաբերմունքով, գլխատումներով ու խոշտանգումներով ինչպես ռազմագերիների, այնպես էլ քաղաքացիական գերիների նկատմամբ:
Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվել, թարգմանվել ու վերլուծվել են ավելի քան 300 տեսանյութեր ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված պատերազմական հանցագործությունների վերաբերյալ, այդ թվում՝ կենդանի մարդկանց գլխատումներ, մասնատումներ, խոշտանգման ու անմարդկային վերաբերմունքի դեպքեր: Բոլորն ուղարկվել են միջազգային իրավապաշտպան կառույցներին:
Պաշտպանը շեշտել է, որ Ադրբեջանական իշխանության բարձրագույն մարմինները շարունակում են Ադրբեջանում պետական հովանավորչությամբ հայատյացության ու թշնամանքի, ռասիզմի և ֆաշիստական քաղաքականությունը: Դրա ապացույցներից է նաև Բաքվում 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող այսպես կոչված «ցուցահանդես-պուրակի» բացումը: Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այդ վայրում հայ զինվորների մանեկեները հատուկ ներկայացված են նվաստացած վիճակում, իսկ պուրակը բաց է անգամ մանկահասակ երեխաների համար:
Արման Թաթոյանը նշել է, որ ցավոք, այս բոլոր փաստերը միջազգային քաղաքակիրթ հանրությունը դեռ պատշաճ գնահատականի չի արժանացրել, իսկ ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգում» հռչակած «Որևէ մեկը չպետք է դուրս լինի եզրագծից ու որևէ իրավունք չպետք է անտեսվի» կանոնը մեզ համար չդարձավ իրական կյանքում իրական մարդուն պաշտպանող սկզբունք, քանի որ մարդկանց իրավունքների պաշտպանությունը տեղի չունեցավ քաղաքական պատճառներով:
Հանդիպման նպատակն էր ներկայացնել միջազգային մարդասիրական իրավունքի իրագործման խնդիրները, մասնավորապես, խախտումների ազդարարման եղանակները, ժամանակակից աշխարհում մարտահրավերները: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միջազգային մարդասիրական իրավունքի ընդհանուր սկզբունքների և կարգավորումների մասին հանրությանը և առանձին խմբերին իրազեկելու կարևորությունը:
Արման Թաթոյանը նշել է, որ իր ելույթում արձանագրված բոլոր փաստերը հիմնված են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես սահմանադրական անկախ հաստատության փաստահավաք աշխատանքների արդյունքում ձեռք բերված օբյեկտիվ և հավաստի ապացույցների վրա:
ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի կողմից կազմակերպված միջոցառմանը մասնակցել են ԵԱՀԿ անդամ պետությունների ներկայացուցիչներ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեn, ՀՀ ՊՆ-ն և այլք:
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ-ը բարոնուհի Քերոլայն Քոքսին ներկայացրել է Ադրբեջանի պատերազմական հանցագործություններն ու գերիների վերադարձի հրատապությունը
- ՄԻՊ-ը միջազգային կառույցներին է ներկայացրել լրացուցիչ տվյալներ Ադրբեջանից գերիների վերադարձի հրատապության վերաբերյալ
- Ալիևի արտահայտությունները դարձել էին այս պատերազմում հայերի նկատմամբ դաժանությունները ոգեշնչող կարգախոսներ. ՄԻՊ
- ՄԻՊ զեկույցում ապացույցներով ցույց են տրված բոլոր դաժանությունները, որոնք կատարել է Ադրբեջանը
- Ադրբեջանում հայատյացության խրախուսումը հանգեցրել է Արցախում հայերի նկատմամբ դաժանությունների․ ՄԻՊ
- Ադրբեջանի դաժանությունների վերաբերյալ նոր ապացույցներ ենք ուղարկում միջազգային մարմիններին. ՄԻՊ
- ՄԻՊ. Ադրբեջանցիները գլխատել են հայ զինծառայողին, սպանված նկարը տեղադրել նրա էջում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան