Փաշինյանի իրավաբանների քայլը վերլուծական շիզոֆրենիա է. Վարդան Այվազյան
«Երբ 3 տարի առաջ Փաշինյանին իրավաբանները ներկայացրել են մի հիմնավորում, իսկ հիմա՝ երեք տարի անց, տալիս են ճիշտ հակառակ հիմնավորում, իրավաբանության մեջ համարվում է վերլուծական շիզոֆրենիա»,- այսօր «Ժամանակավոր պաշտոնակատարության ազդեցությունը ընտրությունների օրինականության վրա» թեմայով քննարկման ժամանակ ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը։
Նրա խոսքով, անընդունելի է, որ պետական մարմիններն իրենց գործունեության հիմքում դնում են այդ վերլուծական շիզոֆրենիան, ինչն ամբողջությամբ նսեմացնում ու փոշիացնում է պետական համակարգի վարկանիշն ու ընդհանրապես, պետականությունը։
«Փաշինյանի կողմնակիցները փորձում են սահմանադրության տեխնիկական, տառացի մեկնաբանություն կատարել, մասնավորապես՝ փորձում են 158-րդ հոդվածի այն տողը մեջբերել, թե կառավարության անդամները շարունակում են իրականացնել իրեն գործառույթները։ Բայց սահմանադրությունը պետք է մեկնաբանել իր իմաստի ու բովանդակության առումով, և ոչ տառացի»,- ասաց նա։
Ըստ Վարդան Այվազյանի, երբ խոսքը վարչապետի հրաժարականի մասին է, ապա պետք է հաշվի առնել, որ օրենքը հստակ արձանագրում է այդ հրաժարականի հիմքերը, և այս առումով բացարձակ չի կարելի խառնել կամ շփոթել Կառավարության հրաժարականը վարչապետի հրաժարականի հետ։
«Երբ Կառավարությունն է հրաժարական տալիս, ինչ-որ առումով հասկանալի է, որ վարչապետն էլ է մնում որպես ժամանակավոր պաշտոնակատար, սակայն, միանգամայն այլ է խնդիրը, երբ կառավարության գլուխն է տալիս հրաժարական...։ Ընդհանրապես, իրավագիտության մեջ հրաժարականը նշանակում է տվյալ պաշտոնում իրավահարաբերության ավարտ։ Հրաժարականից հետո որևէ պարագայում մարդը չի կարող լինել ժամանակավոր պաշտոնակատար»,- նշեց նա։
Միևնույն ժամանակ, Վարդան Այվազյանը նկատեց, որ Հայաստանում պետաիրավական հարցերը երեք տարի է, ինչ լուրջ խնդիր ունեն՝ կապված լեգիտիմության հետ՝ սկսած «հակասահմանադրական» սահմանադրական փոփոխություններից մինչև «օրինական» կաշառքներ։
«Թեպետ ես շատ կասկածում եմ Փաշինյանի խոսքին, բայց եթե անգամ մենք հունիսի 20-ին ունենանք արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ցավոք, ստացվում է, որ ողջ ցիկլը դառնում է ոչ լեգիտիմ։ Ստացվում է, որ ոչ լեգիտիմ, քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի զայրույթը հարուցած Փաշինյանն անցկացնում է խորհրդարանական ընտրություններ։ Եվ սա ամբողջ համակարգը դուրս է բերում լեգիտիմության ոլորտից»,- կարծիք հայտնեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Սահմանադրությունն այնպես են մեկնաբանում, որ հրաժարական տալը հրաժարական տալը չէ. Վարդևանյան
- Հրաժարական է տվել, վերջ, չկա այդ մարդը, ինքը գործ չունի վարչապետի լիազորությունների հետ. Ա. Հովհաննիսյան
- Վարչապետի պաշտոնավարումը դադարեցնելը երբեք չի կարող առաջացնել իշխանության վակուում․ Գևորգ Դանիելյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան