Հայկ Մարությանը հետ է վերցրել Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանի ոսկե մեդալը
Ջազի հայկական ասոցիացիա ՀԿ նախագահ Կամո Մովսեսյանն այսօր ասուլիսում հայտարարել է, որ հետ է վերադարձնում քաղաքապետ Հայկ Մարությանի՝ իրեն հանձնած ոսկե մեդալը:
Նրա այդ հայտարարությանն է անդրադարձել Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ տարօրինակ համարելով Մովսեսյանի հայտարարությունը։
«Սա տարօրինակ հայտարարություն է, որովհետև հնարավոր չէ վերադարձնել մի բան, որը քեզ չի պատկանում:
Դեռ երեկվանից yerevan.am կայքում հրապարակված է Երևանի քաղաքապետի որոշումը, որով Կամո Մովսեսյանը զրկվել է քաղաքապետի ոսկե մեդալից (որոշման հղումը՝ մեկնաբանությունում):
Ինչպես արդեն տեղեկացրել եմ մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում, Երևանի քաղաքապետարանը նպատակահարմար չի համարել ֆինանսավորել Ջազի միջազգային օրվան նվիրված այս տարվա համերգը: Պատճառը, ի լրումն կորոնավիրուսային համավարակով ու հետպատերազմական իրավիճակով պայմանավորված հանգամանքներից, այն է, որ քաղաքապետարան ներկայացված՝ համերգի կազմակերպման նախահաշվում առերևույթ խիստ ուռճացված ծախսեր են նախատեսված եղել:
Օրինակ, հետաքրքիր է, թե որքան է ծախսել Մովսեսյանը այսօրվա հրավիրած ասուլիսի համար: Որովհետեւ իր ներկայացրած նախահաշվում համերգին վերաբերող ասուլիսի համար բավական խոշոր գումար էին նախատեսել: Չհաշված՝ իրենց կազմակերպության ակնկալած եկամուտը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հակոբ Կարապետյանը։
Հիշեցնենք, որ Կամո Մովսեսյանը երեք օր ժամանակ էր տվել Երևանի քաղաքապետարանին՝ ներկայացնելու որևէ փաստաթուղթ, որում առկա են այդ «ուռճացված ծախսերը»։
«Հարգելի՛ քաղաքապետարանի աշխատակիցներ, ես ձեզ տալիս եմ 3 օր ժամանակ, որ դուք այս գրության մեջ պաշտոնապես հրապարակեք մեր ներկայացրած ֆինանսական հաշվարկը, որի տակ կլինի կնիք ու ստորագրություն։ Եթե Երևանի քաղաքապետարանը չներկայացնի այդ փաստաթուղթը, ապա այդ հերյուրանքի համար մենք դիմելու ենք դատարան՝ մեր անունը պախարակելու փորձի համար»,- ասել էր նա։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները