Ղրղզստանում Տաջիկստանի հետ սահմանին զոհվածների հիշատակին ազգային սուգ է հայտարարվել
Տաջիկստանի հետ սահմանին զինված հակամարտության ժամանակ զոհվածների հիշատակին Ղրղզստանում մայիսի 1-2-ը սուգ է հայտարարվել: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է երկրի նախագահ Սադիր Ժապարովը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում տալով նախագահի մամուլի ծառայությանը։
«Ղրղզստանի Հանրապետության նախագահը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ Ղրղզստանի Հանրապետությունում 2021 թվականի մայիսի 1-2-ը հայտարարվել է ազգային սուգ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես ասված է պետության ղեկավարի հրամանագրում, ապրիլի 29-30-ը ղրղզա-տաջիկական սահմանին տեղի ունեցած զինված հակամարտության հետևանքով բազմաթիվ զոհեր և տուժածներ կան ինչպես խաղաղ քաղաքացիների, այնպես էլ զինծառայողների շրջանում։
Նշվում է, որ ազգային սուգի օրերին երկրի ամբողջ տարածքում, ինչպես նաև արտերկրում՝ դիվանագիտական և հյուպատոսական շենքերում, իջեցվելու են պետական դրոշները: Մշակույթի հիմնարկներին և հեռուստառադիոընկերություններին առաջարկվել է այս օրերին չեղարկել ժամանցային միջոցառումներն ու հաղորդումները, իսկ կառավարությանը ՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել զոհվածների ընտանիքներին և տուժածներին օգնություն ցուցաբերելու համար։
Ղրղզստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ ապրիլի 29-ին Տաջիկստանի հետ սահմանին հակամարտության հետևանքով զոհվել է Ղրղզստանի 31 բնակիչ, տուժել է ավելի քան 120 մարդ։ Զոհվածների հիմնական մասը քաղաքացիական անձինք են։ Բախումների ընթացքում երկրում այրվել կամ ավերվել են մի քանի տասնյակ շենքեր, այդ թվում՝ դպրոց, սահմանապահ զորամաս։ Հակամարտության գոտուց տարհանվել է մոտ 10 հազար խաղաղ բնակիչ։
Հարակից հրապարակումներ`
- Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահները քննարկել են սահմանային իրավիճակի կարգավորման հարցը
- Ղրղզստանում 31 մարդ զոհվել է Տաջիկստանի հետ սահմանին տեղի ունեցած հակամարտության հետևանքով
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա