ՆԱՍԱ-ն կասեցրել է Լուսին հասնելու 2,89 մլրդ դոլար արժողությամբ պայմանագիրը
ԱՄՆ-ի օդատիեզերական գործակալությունը` ՆԱՍԱ-ն, կասեցրել է SpaceX ընկերության հետ օրերս կնքված 2,89 մլրդ դոլարանոց պայմանագիրը, համաձայն որի` Իլոն Մասկի ընկերությունը պետք է մշակեր լուսնային վայրէջքի մոդուլը՝ Artemis ծրագրի շրջանակում տիեզերագնացներին Լուսին հասցնելու համար, փոխանցում է rg.ru-ն։
Պատճառն այն է, որ թենդերի մյուս մասնակիցները՝ Ջեֆ Բեզոսի Blue Origin-ը ու Dynetics ընկերությունը, ԱՄՆ Հաշվիչ պալատում (The Government Accountability Office) բողոքարկել են ՆԱՍԱ-ի որոշումը: Այժմ SpaceX-ը պետք է դադարեցնի պայմանագրի հետ կապված ցանկացած աշխատանք, մինչև Հաշվիչ պալատը չի դիտարկի հայցը: Վեճի կարգավորումը տեղի կունենա 2021-ի օգոստոսի 4-ից ոչ շուտ:
Blue Origin-ը, մասնավորապես, հայտարարել է, որ NASA-ն թույլ է տվել SpaceX-ին վերանայել իր հայտը, սակայն նույն այդ հնարավորությունը չի տրվել Blue Origin-ին: Մասկի ընկերության մրցակցի կարծիքով, լուսնային մոդուլի կառուցումը ընդլայնելու է SpaceX-ի մենաշնորհը տիեզերքում:
Artemis ծրագրի առաջին փուլը նախատեսված է այս տարի։ Դրա շրջանակում ծրագրված է Լուսնի շուրջ Orion տիեզերանավի՝ առանց տիեզերագնացների թռիչքը ու վերադարձը Երկիր։ Տիեզերանավն ուղեծիր է հանելու Space Launch System գերծանր հրթիռը։ Երկրորդ փուլում՝ 2023-ին, տիեզերանավը Լուսնի շուրջ կպտտվի արդեն տիեզերագնացներով։ Վայրէջքը Լուսնի մակերևույթ նախատեսված է 2024-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա