Մենք կարող ենք երկիրն այս վիճակից հանել. Հայաստանի Կոմունիստական կուսակցություն
Հայաստանի կոմունիստական կուսակցությունը մայիսմեկյան երթ է անցկացնում։
«Մեր լոզունգները կապված են լինելու աշխատանքի հետ, որը չունենք, արտագաղթի, թալանի, հարկերի և հայ ժողովրդին վերաբերող խնդիրների հետ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարի պաշտոնակատար Երջանիկ Ղազարյանը։
Նրա խոսքով, Հայաստանի փրկությունը սոցիալիզմն է, սոցիալիստական հասարակարգի վերականգնումը։
«Այս երեսուն տարիները մեկ անգամ ևս ցույց տվեցին, որ մենք ենք ճիշտ, ճիշտ էր խորհրդային համակարգը, ճիշտ էր սոցիալիստակա հասարակարգը։ Իսկ հիմա սա կապիտալիզմի էությունն է, որ հազար հոգի պետք է աշխատի, որպեսզի մեկն օգուտ ստանա, հարստանա։ 30 տարի կյանքը ցույց տվեց, որ ճիշտ է սոցիալիզմին վերադառնալը»,- նշեց նա։
Հարցին, թե արդյո՞ք ՀԿԿ-ն մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Երջանիկ Ղազարյանը պատասխանեց՝ ասելով, որ հենց վատն այն է, որ ընտրություններն արտահերթ են լինելու։
«Ժամանակը շատ քիչ է, բայց մենք հանդիպումներ անցկացրել ենք։ Այնուամենայնիվ, ընտրություններին մասնակցելու հետ կապված այս պահին դեռ ղեկավար մարմնի որոշում չունենք։ Երբ ԿԸՀ-ն հայտարարի ընտրությունների անցկացման մասին, մեր ղեկավար մարմինը որոշում կկայացնի։ Թեև մեր կուսակցությունը ֆինանսական հնարավորություններ չունի, միայն մեր անդամավճարներն են, և մեր համակիրների աջակցությունները, բայց քանի որ մենք 70 տարի երկիր ենք կառավարել, իհարկե, խոսք ունենք ասելու, և մենք կարող ենք երկիրն այս վիճակից հանել»,- նկատեց Երջանիկ Ղազարյանը։
Դիտարկմանը, որ ՀԿԿ-ն որևէ անդրադարձ չի կատարել պատերազմին և հետպատերազմյան շրջանում էլ է լռում, Երջանիկ Ղազարյանն արձագանքեց՝ ասելով, որ իրենք շրջափակման մեջ են եղել և՛ ընդդիմադիրների, և՛ իշխանությունների կողմից, և այդ պատճառով չեն լուսաբանվել իրենց հայտարարությունները։
«ՀԿԿ-ն միակն է եղել Հայաստանում, որ հոկտեմբերի 14-ին ակցիա է արել Երևանում ՆԱՏՕ-ի ներկայացուցչության մոտ՝ ընդդեմ Թուրքիայի՝ պատերազմի մասնակցության»,- նշեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան