Իտալացի քաղաքապետը խիստ է արձագանքել Ցեղասպանության տարելիցի միջոցառմանը Թուրքիայի դեսպանի միջամտության փորձին
Ֆերարան Թուրքիան չէ. իտալական քաղաքի ղեկավար Ալան Ֆաբրին այս տողերով իր վրդովմունքն է հայտնել Հայոց ցեղասպանության տարելիցին Ֆերարայի թատրոնում կազմակերպվելիք միջոցառման վերաբերյալ Իտալիայում Թուրքիայի դեսպանի հղած նամակի առնչությամբ:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, դեսպան Մուրադ Սալիմ Էսենլին քաղաքապետ Ֆաբրիին ուղղած նամակում հորդորել էր նրան վերանայել դիրքորոշումը թատրոնում Անտոնիա Արսլանի մասնակցությամբ կայանալիք միջոցառման առնչությամբ, որը կոչվում էր «Հայոց ցեղասպանությունը հիշողության, ժխտման և լռության միջև»: Դեսպանը այն «միակողմանի միջոցառում» էր անվանել՝ հիմնված «բացառապես հայերի պնդումների վրա»:
Ալան Ֆաբրին իր տարակուսանքն է հայտնել դեսպանի գործողությունների առնչությամբ՝ նշելով, որ նախ կան բավարար ապացույցներ «այդ սարսափելի իրադարձությունների վերաբերյալ, որը վերջերս ճանաչել էր նաև ԱՄՆ նախագահը»: Բացի այդ, քաղաքապետը նշել է, որ թուրք դիվանագետը, փաստացիորեն, «մեր իսկ տանը առաջարկում է գրաքննություն իրականացնել մի միջոցառման հետ կապված, որի միակ նպատակն է ոգեկոչել 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակը ու պայքարել չափազանց երկար շարունակվող ժխտման դեմ»:
«Մենք չենք կարող թույլ տալ, որ վիրավորվի հիշողությունը, որ ժողովրդավարական, խաղաղ ու մշակութային նախաձեռնությունները, որոնք իրականացվում են ազատության տաճար համարվող թատրոնում, փորեն խճճել այնպիսի երկրի կողմից, ինչպիսին է Թուրքիան, որն աչքի չի ընկնում ժողովրդավարության ցուցանիշներով:
Եթե թուրք դեսպանն իր անհանդուրժելի միջամտությամբ կարծում է, թե կարող է մեր տանը թելադրել իր օրենքները, ապա ասեմ, որ չարաչար սխալվում է: Ֆերարան ազատ քաղաք է, ցանկացած [բռնապետական] ռեժիմի ու ժխտման թշնամին, և այդպես կլինի միշտ»,- հայտարարել է Ալան Ֆաբրին:
Քաղաքապետը տեղեկացրել է, որ գործընթաց է նախաձեռնելու՝ իտալահայ գրող Անտոնիա Արսլանին և Հայոց ցեղասպանության ու հայկական հարցի մասին իր համարձակ հրապարակումներով հայտնի թուրք պատմաբան Թաներ Աքչամին պատվավոր քաղաքացու կոչում տալու համար: «Հարգանքներս և հիացմունքս նրանց երկուսին»,- ֆեյսբուքյան էջում իր գրառումը եզրափակել է Ֆերարայի քաղաքապետը:
Հարակից հրապարակումներ`
- Լիտվայի ԱԳ նախարարը Բաքվում խոսել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին
- Հարութ Սասունյան. Վերջապե՛ս, Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը… Ո՞րն է հաջորդ քայլը
- 106 տարի պահանջատեր ենք, բայց դեռ դասեր չենք քաղել պատմությունից. Սարգիս Ստեփանյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան